▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերությունը նոր որոշում է կայացրել

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել չեղարկել Թալիշի, Մատաղիսի և Մարտակերտ քաղաքի բաժանորդների տույժերը և վերամիացման վարձերը՝ պայմանավորված ռազմական գործողությունների հետևանքով նրանց ունեցած դժվարություններով:

Թեև ընկերության և բաժանորդների միջև կնքված պայմանագրերը նախատեսում են տույժեր և/կամ վերամիացման վարձեր, եթե բաժանորդը նախատեսված ժամկետում չի վճարում կապի ծառայության համար, սակայն ընկերությունը գիտակցում է վերոնշյալ համայնքների բնակիչների իրավիճակը՝ պատրաստ լինելով հնարավորինս կանգնելու նրանց կողքին: Ըստ որոշման՝ նրանց հաշիվները լուծարելու փոխարեն կսառեցվեն ընկերության կողմից, ինչի արդյունքում չեն հաշվարկվելու տույժեր և վերամիացման վարձեր: Նշյալ բնակավայրերի բաժանորդների համար վճարման այս պայմանները կկիրառվեն միայն թվային և անլար անշարժ հեռախոսակապից, ինչպես նաև ADSL մոդեմի և անլար (Wi-Fi) տեխնոլոգիաների միջոցով համացանցային ծառայություններից օգտվելու դեպքում:

Այն բաժանորդները, ում ծառայություններն անջատված են վարձն ուշացնելու կամ չվճարելու պատճառով, կվերամիացնեն իրենց ծառայություններն առանց վերամիացման վարձը վճարելու: Մուծման արտոնյալ ժամանակահատվածը երկարաձգվում է մինչև ս.թ. մայիսի 30-ը: Իսկ վերամիացման վարձերի համար արդեն վճարված գումարներն ընկերության կողմից կփոխանցվեն տվյալ բաժանորդների հաշիվներին:

Տեղեկացնենք նաև, որ ռազմական գործողություններից «Ղարաբաղ Տելեկոմի» որոշ ենթակառուցվածքներ վնասվել էին հատկապես Մարտակերտի շրջանում, ինչի հետևանքով ծառայությունների մատակարարման կարճ խափանումներ են տեղի ունեցել ապրիլի ընթացքում, սակայն ընկերության կողմից շատ արագ վերականգնվել է ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը պատրաստակամ է իր հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու Արցախի ժողովրդին նաև վերջին մարտահրավերների պայմաններում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին