▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր «Փոքր Մհեր» կրթահամալիրի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Փոքր Մհեր» կրթահամալիրի 15-ամյակի առթիվ հյուրընկալել է կրթօջախի աշխատակազմին և սաներին: Միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և «Փոքր Մհեր» կրթահամալիրի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Ըստ այդմ համագործակցություն կծավալվի ռազմահայրենասիրական դաստիարակության ավելի բարձր մակարդակ ապահովելու, ռազմագիտական մասնագիտությունների հանդեպ դպրոցականների հետաքրքրությունը ձևավորելու, դպրոցականներին զինվորական ծառայության նախապատրաստման, ինչպես նաև դպրոցականների կողմից նախնական զինվորական պատրաստության առարկայի գծով կրթօջախի ռազմամարզական համալիրում գործնական պարապմունքների իրականացման և մի շարք այլ ուղղություններով: 

 Շնորհավորելով «Փոքր Մհեր» կրթահամալիրի 15-ամյակի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր ձեռքբերումներ է մաղթել սաներին, նաև համոզմունք է հայտնել, որ պատանի հայկազուններն իրենց վարքով ու կերպով կհասնեն այնպիսի հաջողությունների, որ «Փոքր Մհեր»-ում սովորելը և հայկազունի համազգեստ կրելը դառնա յուրաքանչյուր հայ պատանու երազանքը:
 «Երբ ստեղծվում էր «Փոքր Մհեր» կրթահամալիրը, բոլորիս երազանքն էր, որ ունենայինք ազգային մտածելակերպով ու ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված հայրենասեր երեխաներ, ովքեր հետագայում պետք է դառնային մեր երկրի ու պետության արժանավոր քաղաքացիները: Կրթահամալիրն արդեն 15 տարեկան է ու այդ տարիների ընթացքում բազմաթիվ սաներ է ճանապարհել մեծ կյանք, ովքեր այսօր իրենց օրինակով ապացուցում են, որ դարձել են մեր երազած արժանավոր քաղաքացիներն ու մեր երկրի պաշտպանները: Եվ շատ հպարտ եմ, որ ունենք նման սերունդ: Ու համոզված եմ և վստահ, որ կրթահամալիրում այսօր սովորող երեխաները նույնպես դառնալու են մեր երկրի ու մայրաքաղաքի արժանի զավակները: Նաև շնորհակալություն եմ հայտնում կրթահամալիրի աշխատակազմին՝ մեծ նվիրումի համար: Համոզված եղեք, որ ձեր կողքին ունեք բարեկամներ, և մենք շարունակելու ենք աջակցել կրթահամալիրի զարգացման հետագա ծրագրերի կյանքի կոչման հարցում: Սիրելի հայկազուններ, մեր երկրի վաղվա տերը դուք եք և դրա համար միշտ լավ սովորեք, որ մենք միշտ հաղթանակներ ունենանք»,- ընդգծել է քաղաքապետը: 
 Շնորհակալություն հայտնելով կրթահամալիրի 15-ամյակի առիթով կազմակերպված ընդունելության և համագործակցության ընդլայնման համար՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար Արման Միրզոյանն էլ ամփոփել է անցած 15 տարիների ձեռքբերումներն ու նկատել, որ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությունն իսկապես ծառայում է իր նպատակին, ինչի վառ ապացույցը կրթօջախն ավարտած սաների հաջողություններն են ռազմական ոլորտում: 
 «Փոքր Մհեր» կրթահամալիրի 15-ամյա հոբելյանի առթիվ, կրթահամալիրի կայացման գործում ունեցած մեծ ներդրման, սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու, երեխաների կրթությանն ու դաստիարակությանը նպաստելու, ՀՀ զինված ուժերը բանիմաց զինվորներով ու սպաներով համալրելուն աջակցելու համար «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Գևորգ Մալխասյանը, տնօրենի պաշտոնակատար Արման Միրզոյանը, տնօրենի տեղակալներ Դիանա Դավթյանն ու Նարա Դավթյանը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ Ոսկան Մարգարյանը և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Նարինե Առաքելյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Կրթահամալիրի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: 
 Գերազանց առաջադիմության, ռազմամարզական գիտելիքների, կազմակերպչական ձիրքի, օրինակելի վարքի և կազմակերպվող միջոցառումներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով էլ պարգևատրվել են կրթօջախի մի շարք սաներ:
 «Փոքր Մհեր» կրթահամալիրի խորհրդի որոշմամբ կրթահամալիրի զարգացման գործում զգալի ներդրման, հայրենասիրական դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ պարգևատրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի «Հայկազունական Փառք» մեդալով:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին