▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 ամսից Մերուժանիս հարսանիքն էր. ծնողները՝ Թալիշն արյան գնով պաշտպանած լեյտենանտ որդու մասին

Aravot.am-ը գրում է.

Թալիշի պաշտպանության ժամանակ 3 հոգով հակառակորդի բանակից 20 հոգու ոչնչացրած, ծանր վիրավորված ու Մուրացանի զինվորական հոսպիտալում մահացած գյումրեցի հերոսի՝ 1993 թվականին ծնված ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ընտանիքը բնակվում է Գյումրու Մուշ թաղամասում: Մայրը՝ Նունե Թադեւոսյանը, պատմում է, որ Մերուժանը իր ծառայության մասին ոչինչ չէր խոսում:

«Հենց զանգեիր, հարցնեիր Մերուժան ջան, ո՞նց ես, շա՞տ լարված է վիճակը, կասեր՝ մամ ջան, գիշերը քնած էի: Իբր մեզ էր հանգստացնում, որ ամեն ինչ նորմալ է, բայց հետո իմանում էինք, որ օրերով քուն չի ունեցել, դիրքերում է եղել», -պատմում է մայրը: Նա որդու հետ վերջին անգամ խոսել է ապրիլի 2-ին, Մերուժանը հորդորել է իրեն լավ նայել ու այլեւս չզանգել: Երբ վիճակն ավելի է թեժացել, մայրը զանգահարել է տեղի բուժքրոջը, մի քանի անգամ զանգահարելուց հետո, բուժքույրը նրան միայն ասել է. «Դուք հպարտ եղեք, հերոսի մայր եք»՝ չպատասխանելով նրա հարցին, թե որդին վիրավո՞ր է, կենդանի՞ է… Հերոսի հարազատները, ցույց տալով նրա նկարները, մղկտում էին, որ երկու ամսից Մերուժանի հարսանիքը պիտի լիներ, հարսնացուն էլ Շուշիից է:

Մերուժանի ամենամոտ ընկերը՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող Շանթ Ուռուտյանն էլ ասում է, որ նա լավ ձեռք ուներ, յուրահատուկ նկարիչ էր. սկզբում կենդանիներ էր նկարում, հետո՝ սրբապատկերներ, Հիսուս Քրիստոսին: «Իմ ու Մերուժիս առաջին հանդիպումը եղել է 2005 թվականին, երբ մեր ընտանիքը Մարալիկից տեղափոխվեց Գյումրի բնակության: Մտա Գյումրու թիվ 42 դպրոց, Մերուժը մենակ նստած էր առաջին նստարանին, հենց տեսավ ինձ, ձեռքով կանչեց, թե արի, արի իմ կողքը նստի, ու այդ պահից մեր ընկերությունը սկսվեց, խորացավ: Նա դարձավ իմ ամենահարազատը, ամենաամտերիմը… Մեր կողքի շենքում են ապրում, հենց գնայիր իրենց տուն, միշտ ինչ-որ բան էր սարքում, լուցկու հատիկներից տներ, եկեղեցի: Մերուժի մայրը՝ տիկին Նունեն, մեր գծագրության ուսուցչուհին էր: Ամբողջ օրը միասին էինք, միասին դասի էինք գնում, հետո քայլելով գալիս էինք տուն: Մերուժը, տետրերը վերցնում, գալիս էր մեր տուն, որ միասին դասերը սովորենք, հետո պարտադիր պիտի գնայինք ֆուտբոլ խաղալու: Հետո ես սկսեցի բանաստեղծություններ գրել, ինքն էլ սկսեց գրել, մի խոսքով, ստեղծագործող մարդ էր: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին