▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող թշնամին լավ զենքեր առնի, մենք էլ կխլենք իրենցից ու դրանցով կկռվենք

Blognews.am-ը գրում է, որ զրուցել է ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներից մեկի՝ ՊԲ զինծառայող Արման Ավետիսյանի հետ:  

Արմանը հպարտ է, որ ապրիլին կարողացել են անառիկ պահել հայրենիքի սահմանները, սակայն չի կարող նաև չտխրել. պատերազմի դաշտում ընկերներին է կորցրել.

«Մեր դիրքից 2 հոգի ենք ողջ մնացել, մյուսները՝ Արման Անդրեասյանը, Ազատ Սիմոնյանը, Գրիգոր Հարությունյանը, Նորիկ Սարգսյանը, անհայտ կորածների ցուցակում էին, ավելի ուշ իմացանք, որ զոհվել են։ Երեկ էլի տղաների նկարներն էի նայում, հիշեցի իրենց, նման դեպքերում չեմ կարող չտխրել»։

Արմանն այսօր պարգևատրվել է ապրիլյան պատերազմի ժամանակ ցուցաբերած անձնվիրության և քաջության համար։ Զինծառայողը վիրավորվել է ապրիլի 2-ի առավոտյան՝ մի քանի ժամ թշնամու դեմ կռիվ մղելուց հետո, երբ գնացել է վիրավոր լեյտենանտ Աշոտ Շահբազյանին օգնության հասնելու և անցել է վտանգավոր ճանապարհով։ Նռնակի պայթյունից ոտքի մի մասը կորցրած զինվորը վիրավորվելուց հետո էլ շարունակել է օգնել ընկերներին՝ պահունակներն է լիցաքավորել, նռնակներ տվել տղաներին... Այդ պահին արդեն չէր մտածում, որ ոտնաթաթը չկա։

Հիմա Արմանը հենակներով է քայլում, թեև դեռ չի կարողանում հարմարվել հենակներին։ Երբ զրուցում էինք, Պաշտպանության նապխարարությունից հյուրեր եկան տղաների մոտ, Արմանն ասաց՝ տես իր ոտքերն էլ չկան, պրոտեզ է, նորմալ քայլում է։

19-ամյա զինծառայողը կարծում է, որ պետք չէ վախենալ թշնամու զինվածության աստիճանից, ասում է, միևնույնն է, նրանք թույլ են.

 «Ասում են՝ թշնամին ուժեղ զենքեր ունի, մենք դրա թույլն ունենք, բայց, ինչպես Մոնթե Մելքոնյանն էր ասում, մենք չպիտի խփենք թուրքերի տանկերը, քանի որ դրանք մերն են, պիտի գրավենք։ Հիմա իրենք թող լավ զենքեր առնեն, մենք էլ կխլենք իրենցից։ Ամբողջ պատմության մեջ մենք միշտ անհավասար պայքար ենք մղել, բայց թշնամուն սպանել ենք, իր զենքն օգտագործել։ Զենքը կապ չունի, կարևորը խելքն է, որն իրենք չունեն»,- հպարտորեն ասաց վիրավոր զինծառայողը ու հավելեց, որ իրենց դիրքի վրա 40-50 հոգի է հարձակվել, իրենք 8 հոգով են եղել, սակայն մի քանի ժամ պայքարել են թշնամու դեմ։

«Եթե զինամթերքը  չսպառվեր, իրենց ավելի շատ հետ կմղեինք։ Ի դեպ, ուզում եմ շեշտել, որ մեր զենքը քիչ չի եղել, նորմալ զինամթերք ենք ունեցել, որը բավարար է եղել 2-3 ժամվա կռվի համար, այդքան ժամանակում նույնիսկ գնդից կարելի է զենք հասցնել դիրք։ Անվտանգությունից ելնելով էլ չի կարելի դիրքում դրանից շատ զենք ունենալ։ Մեր զինամթերքը սպառվեց միայն, որովհետև իրենք լավ ուսումնասիրել էին ամեն ինչ, ռմբակոծում էին թիկունքն ու օգնող ուժը չէր կարողանում մոտենալ, բայց հրամանատարները մի կերպ եկան, հասան, մալադեց հրամանատարներին»,- ասաց նա։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին