▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին անգամ Պերսեպոլիսում բացվել է ուրարտական հուշարձանների ցուցահանդես

Երևանի և Իրանի քաղաքների միջև համագործակցության շրջանակում Իրանում անցկացված մշակութային շաբաթվա օրերին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ էմին Թորոսյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: 

Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ Պերսեպոլիս համաշխարհային ժառանգության հնավայր- թանգարանի ցուցասրահում բացվել է «Հայաստանի Հանրապետության ուրարտական հուշարձանները» խորագրով ցուցահանդեսը: Ծրագիրը կյանքի է կոչվել ԻԿՕՄՕՍ Հայաստանի և ԻԿՕՄ Իրանի միջև ստորագրված համագործակցության հուշագրով:

Եռալեզու ցուցատախտակներին ներկայացվել են ուրարտական երեք մայրաքաղաքները՝ Էրեբունին, Արգիշտիխինիլին և Թեյշեբաինին՝ իրենց ճարտարապետությամբ, մշակույթով, հուշարձաններով և հնագիտական արժեքով: 
Լուսանկարներով և ուղեկցող հակիրճ տեղեկատվությամբ վահանակները ցուցահանդեսի այցելուներին պատմել են նաև Ուրարտական և Աքեմենյան պետությունների պատմական ընդհանրությունների մասին:

Առավել ընդգրկուն ներկայացվել է հատկապես Էրեբունին իր հիմնադրումից մինչ օրս, այդ թվում՝ ներկայում շարունակվող հնագիտական աշխատանքներով:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև թանգարանների միջազգային խորհրդի` ԻԿՕՄ-ի նախագահ Հանս Մարտին Հինզը:

Ցուցահանդեսի բացմանը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, ԻԿՕՄՕՍ Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը համոզմունք է հայտնել, որ ցուցահանդեսը յուրովի խթան կհանդիսանա միջմշակութային կապերի ամրապնդման գործում: 

«Առաջին անգամ է, որ հայկական պատմամշակութային ժառանգության մի մասնիկը նման ձևաչափով ներկայացվում է Իրանում: Այս ցուցահանդեսը յուրօրինակ պատասխանն է արդեն իսկ ձևավորված մեր համագործակցության շրջանակում 2015 թվականին Երևանում անցկացված «Էրեբունիից Պերսեպոլիս. ուրարտական և աքեմենյան մշակույթների հանգույցում» ցուցահանդեսի: Վստահ եմ, որ մեր ակտիվ ու արդյունավետ գործակցությունն առաջիկայում համատեղ մի շարք այլ նոր նախաձեռնությունների հիմք կդառնա», - նշել է Գագիկ Գյուրջյանը:

Մեծ հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսի այցելուների թվում են եղել ոչ միայն իրանցիներն ու տեղի մեր հայրենակիցները, այլև Իրան այցելած այլազգի զբոսաշրջիկները:

Պերսեպոլիսի թանգարանում կազմակերպվել են նաև հայ-իրանական համատեղ դասախոսություններ: 

ԻԻՀ կատարած այցի ընթացքում երևանյան պատվիրակությունը Շիրազում հանդիպել է քաղաքապետի մշակույթի գծով տեղակալ Ահմեդ Հեմմաթի Բուշեհրիի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Էմին Թորոսյանը նշել է, որ Կապույտ մզկիթի վերականգնման աշխատանքներին զուգահեռ այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից կբարեկարգվի նաև մզկիթի տարածքը: 

Հանդիպման շրջանակում ստորագրվել է Երևանի և Շիրազի միջև մշակութային համագործակցության վերաբերյալ խորհրդանշական հուշագիր:
Այցի շրջանակում հանդիպումներ են եղել նաև Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Թեհրանի ազգային թանգարանում երևանյան պատվիրակությունը մասնակցել է թանգարանի հիմնադրման 100-ամյակին: Ցուցահանդեսի շրջանակում Երևանի և Թեհրանի միջև մշակութային կապերի ամրապնդման վերաբերյալ հանդիպումներ են կայացել Թեհրանի քաղաքապետարանի մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին