▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ-ում և ԼՂՀ-ում ադրբեջանցի գերիների և զոհվածների մարմիններ չկան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է տվյալներ հավաքագրել 2016 թ. ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց, ռազմագերիների և զոհված անձանց վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց զոհվելու եւ անհայտ կորչելու պատճառների եւ հանգամանքների վերաբերյալ:

Փաստահավաք առաքելության շրջանակներում Կազմակերպությունը 2016 թ. մայիսի 18-ի գրությամբ տեղեկացել է, որ ապրիլյան պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանցի գերիներ կամ զոհվածների մարմիններ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չկան: Ինչ վերաբերում է նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂՀ պաշտպանության բանակում մահացած, վիրավորված կամ անհայտ կորած ժամկետային և պայմանագրային զինծառայողների, քաղաքացիական անձանց թվական տվյալների եւ զոհվելու, վիրավորվելու եւ անհայտ կորչելու պատճառների եւ հանգամանքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստացմանը, ապա ՀՀ

Պաշտպանության նախարարությունը հորդորում է տեղեկանալ ՀՀ եւ ԼՂՀ զանգվածային լրատվամիջոցների կողմից հաղորդած տվյալներից՝ այդ տվյալները պաշտոնական գրությամբ տրամադրելու փոխարեն: Միեւնույն ժամանակ, հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին՝ նշում է, որ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական կյանքի գաղտնիությունը կամ բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ /բժշկական գաղտնիք/:

Բացի դրանից՝ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նշում է, որ անձի առողջական վիճակին վերաբերող տեղեկությունը համարվում է հատուկ կատեգորիայի անձնական տվյալ եւ նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  առանց անձի համաձայնության՝ արգելվում է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելը՝ բացառությամբ, երբ տվյալի մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով: Այնուամենայնիվ հարկ է նշել, որ Կազմակերպությունը չի պահանջել տրամադրել տեղեկատվությունը՝ ըստ կոնկրետ անձանց, հետեւաբար անձը եւ առողջական վիճակը չէին կարող որեւէ կերպ նույնականացվել:

Ավելին՝ նման տեղեկատվություն բազմիցս տարածվել է լրատվամիջոցներով եւ ՀՀ ՊՆ պաշտոնական աղբյուրներով, մասնավորապես՝ կոնկրետ վիրավորված անձանց, որը, ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության տրամաբանության, գաղտնի տեղեկատվություն է: Հետեւաբար, Կազմակերպության կողմից պահանջված տեղեկատվություն չտրամադրելը անհասկանալի եւ անտրամաբանական է:

1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին