▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատշգամբում պահարաններ են դնում, վրան էլ՝ չիր չորացնում, ինչն էլ 6-րդ հարկից հայտնվում է ներքևում.հայերն ու քամին

«Մայիսի 23-24-ն ընկած ժամանակահատվածում պայմանավորված օդի ջերմաստիճանի տատանմամբ՝ Հանրապետության տարածքում ժամը 15:00-ի սահմաններում մոլեգնեց ուժեղ քամի, որը մեկ ժամվա ընթացքում անցնելով առանձին հատվածներով՝ մեծ վնաս հասցրեց շենքերին, շինություններին և ենթակառուցվածքներին: ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններում գրանցվեց  575 ահազանգ, որից 472-ը՝ Երեւանում: Այսինքն, առավել վնասներ են կրել մայրաքաղաքի ենթակառուցվածքները ու շինությունները:  280 շենք-շինության վնասման և 137 ծառերի շրջման դեպք է գրանցվել, որոնք էլ իրենց հերթին տարբեր խնդիրներ են առաջացրել: Ունեցել ենք տանիքի վնասման 196 դեպք, որոնք մասնակի կամ ամբողջությամբ վայր են ընկել: Հիմնականում տուժել է Շենգավիթ վարչական շրջանը.այստեղ 107, Կենտրոնում 87, Էրեբունիում 62, Արաբկիրում 60 և Մալաթիա-Սեբաստիայում 57 դեպք է գրանցվել: Մնացած համայնքներում վնասի չափը քիչ է եղել: Մարզերից ավելի շատ տուժել են Արագածոտնը, Կոտայքը, Վայոց Ձորը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես  Խանգելդյանը:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի հաղորդմամբ՝ քամու հասցրած նյութական վնասների չափը դեռ վաղ է ասել, ստեղծվել են հանձաժողովներ, որոնք տեղում պետք է ծանոթանան հասցված վնասին և համապատասխան արձանագրություններ, ակտեր կազմեն:

Հովհաննես  Խանգելդյանը նկատում է՝ հայերը քամին որպես սպառնալիք չեն դիտում և շինարարությունում, բակային տնտեսությունում, բնակարաններում այդ էլեմենտի վտանգները հաշվի չեն առնում.

«Շատ հաճախ կարող եք տեսնել, որ  պատշգամբների աջ ու ձախ  կողմերում պահարաններ են դնում, վրան էլ ինչ-որ առարկաներ կամ  չիր են չորացնում, քամին էլ տալիս ու ասենք 6-րդ հարկից հասցնում է ներքև»,-նշեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին