▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանյան ամառ 2016»-ը ՝ ավանդական դարձած մշակութային, զբոսաշրջային և մարզական միջոցառումներով

Մայրաքաղաքում չորրորդ տարին անընդմեջ կանցկացվի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ երեք հիմնական ուղղությամբ` մշակութային, զբոսաշրջային և մարզական: Միջոցառումները կմեկնարկեն հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Ծրագրի մանրամասներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

 «Երևանյան ամառ 2016» ծրագրով նախատեսված են ավանդական դարձած 54 հիմնական միջոցառումներ՝ փառատոներ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև պետական, հոգևոր, ազգային ու միջազգային օրացուցային տոներ: Արդեն ավանդական դարձած և սիրված ծրագրերից Երևանում կրկին կանցկացվեն «Պարում է հայը», «Երևան ՏԱՐԱԶֆեստ», «Ֆրեսկո», Ձմերուկի փառատոները:
 «Երևանյան ամառ ծրագրի մի շարք միջոցառումներ սիրվել են ոչ միայն մեր համաքաղաքացիների, այլև Երևան այցելող զբոսաշրջիկների կողմից: Դրանցից մեկն էլ հայկական ուտեստների «Համով-հոտով Երևան» փառատոնն է, որը կազմակերպվում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ համատեղ: Վստահ եմ, որ, ինչպես այս, այնպես էլ մյուս փառատոներն ու միջոցառումները Երևանն առավել գրավիչ են դարձնում հատկապես միջոցառումային տուրիզմով հետաքրքրվող զբոսաշրջիկների համար և նպաստում ոլորտի զարգացմանը»,- նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
 «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, զբոսայգիներում և հանգստի գոտիներում: Երևանյան երեկոները կուղեկցվեն երաժշտական ավանդական ՝ «Երևանյան բառդ», «Հնչում է Երևանը» միջոցառումներով: Հետաքրքիր ձևով կնշվի նաև Թարգմանչաց տոնը: Ամռան երեք ամիսներին տարբեր ցուցադրություններով հանդես կգան Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները և ցուցասրահները: «Երևանյան ամառ 2016»-ի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ օր՝ համայնքային ենթակայության Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Ժամանակակից արվեստի և Կ. Դեմիրճյանի անվան թանգարաններում, «Էդուրադ Իսաբեկյան» ցուցասրահում և «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում մուտքը կլինի ազատ. այցելուները կարող են ներկայացնել նաև միջոցառումների ծրագրի բուկլետը:
 Այս ամառը հագեցած կլինի նաև մարզական միջոցառումներով՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի մրցաշար, «Yerevan Color Run» վազքի մարաթոն, Մոտոկրոսի միջազգային առաջնություն և «Երևան դրիֆթքինգ» ավտոշոու:
 Ծրագրի մասին տեղեկատվական բուկլետներն արդեն այսօրվանից կբաժանվեն բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում, հասարակական տրանսպորտում:
 «Մեր կողմից երևանցիների շրջանում «Երանյան ամառ» ծրագրի վերաբերյալ հարցումները ցույց են տվել, որ այս տարիների ընթացքում ծրագիրն իսկապես սիրվել է: Եվ ինչպես ամեն տարի, այս տարի ևս ծրագիրն ուղղված է մեր համաքաղաքացիների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի առօրյան առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելուն: Նշեմ նաև, որ ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ: Ի դեպ, այս տարի Երևանի քաղաքապետարանը հանդես եկավ մի նախաձեռնությամբ և զգալի կրճատվեցին մշակութային միջոցառումների համար նախատեսված միջոցները, որոնք ուղղվել և ուղղվելու են ապրիլին առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին», - նշել է Արազ Բաղդասարյանը:
 «Երևանյան ամառ 2016» միջոցառումների ծրագիրը կեզրափակվի օգոստոսի 31-ին՝ «Ցտեսությու´ն, ամառ» խորագրով համերգային ծրագրով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին