▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի հոգու ականջները մինչև չկտրես, խելքի չեն գա. Արշակ Զաքարյան

Armtimes.com-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ երեկ փակել էին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը՝ դժգոհելով ռազմավարական նշանակության այդ ճանապարհի քանդուքարափ վիճակից: Նրանք պահանջում են վերանորոգել այն։ Գյուղացիները դժգոհել էին, որ այդ ճանապարհի պատճառով նույնիսկ շտապօգնության մեքենաներն են հրաժարվում ոչ միայն գյուղեր, այլեւ Վարդենիս մտնել: Օրեր առաջ խնդրին անդրադարձել էր նաեւ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով ապրիլյան պատերազմից հետո ռեպորտաժներ է ներկայացնում սահմանից ու հայ զինվորների առօրյայից: Իսկ Վարդենիս-Մարտունի ճանապարհը Արցախի Քարվաճառ համայնք տանող ճանապարհ է: Զաքարյանի հետ զրուցել ենք այդ եւ այլ թեմաներով:

- Պարոն Զաքարյան, Վարդենիս-Մարտունի ճանապարհի անմխիթար վիճակի հետ կապված օրեր առաջ բարձրաձայնել էիք, շատ կոպիտ բնորոշումներ տալով պատասխանատուներին: Երեկ մարզի բնակիչներն են ոտքի կանգնել՝ պահանջելով վերանորոգել այն: Դուք ինչ-որ տեղեկություն ունե՞ք, հնարավո՞ր է ի վերջո սկսեն նորոգել այդ ճանապարհը:

- Խոստացել են, որ սարքեն, ասել են մի 20 օր կտեւի: Ես որ բարձրաձայնեցի՝ հաջորդ օրը ժողովուրդը գնացել, ճանապարհ էր փակել: Փառք աստծո: Իրենց տունն է, իրենք ամեն օր են գնում, գալիս, գոնե արթնացան: Ես ինքս միշտ հակառակ կողմով էի գնում, մի անգամ էս վերջերս անցա եւ սարսափելի էր: Դա շատ մեծ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է: Չեմ ուզում շատ մանրանալ, որովհետեւ լրատվությունը մենակ մենք չենք կարդում, բայց այո, շատ պետքական, շատ կարեւոր ճանապարհ է: Ինչքան ես հասկացա, դա տեղական իշխանությունների ձեռքի տակ է, իրենք պետք է ամեն տարի վերանորոգեն: Խոսքը 2-4 կիլոմետր հատվածի մասին է:

- Ձեր տեսանյութում բավականին կոպիտ էիք արտահայտվել պատասխանատուների հասցեին: Կապվե՞լ են ձեզ հետ:

- Դե փորձեցին, բայց ես ասում եմ այն, ինչ ասում եմ: Որովհետեւ այո, պետք է հեռացնել, պետք է դատի տալ: Մի քանի հոգու ականջները մինչեւ չկտրես, խելքի չեն գա: Պատասխանատուները փող են լափում, թող լափածի դիմաց մի բան անեն: Եթե չեն անում, այո, մեղավոր են: Ամեն մարդ իր աշխատանքը պարտավոր է անել, այս երկիրը միայն կերակրաման չէ, որ լափեն մեջից:

- Ճանապարհների այդ վիճակի պատասխանատուն, ըստ ձեր ունեցած տեղեկությունների, մարզպե՞տն է, գյուղապետե՞րը, թե ուրիշները:

- Չէ, ախպոր պես: Ես չգիտեմ` ով է պատասխանատու: Իշխանությունները գիտեն պատասխանատուին: Կարող է Գեղարքունիքի մարզպետը չի, մի սովորական շինարար է, որ չի անում: Կարող է նախարար է:

- Որեւէ կոնկրետ դեպք գիտե՞ք, որ տեխնիկա կամ դեղորայք կամ անհրաժեշտ այլ պարագաներ դիրքեր հասցնելու համար այդ ճանապարհի պատճառով խնդիր է առաջացել:

- Ես կոնկրետ դեպքեր չգիտեմ, չեմ կարող էդպես ասել: Բայց ապրիլյան պատերազմի ժամանակ դա հաստատ սարքած չի եղել, որովհետեւ ոնց հասկացա՝ երկու-երեք տարի է այդ վիճակում է: Ախր չեմ ուզում շատ մանրանալ, պարզ չի՞, որ այդ ճանապարհը գնում է դեպի Քարվաճառ եւ այդտեղով կարեւոր բաներ անցնում են: Եվ եթե շատ արագ այդ հարցը չլուծվի՝ պետք է պատասխանատուները պատժվեն:

- Սահմանից նոր եք վերադարձել: Ինչպիսի՞նն է իրադրությունն այնտեղ: Հրադադարի պայմանավորվածությունը պահպանվո՞ւմ է:

- Հարաբերական  անդորրն, այո: Ինչ-որ բաներ եթե լինում են, լոկալ բաներ են՝ կամ այս կամ այն կողմից: Բայց հարաբերական անդորրը կա, կարեւորը հրետակոծությունները, որ շատ վտանգավոր էին, դադարել են: Հիմա հուսով ենք, որ այսպես կմնա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին