▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրաքաղաքում նոր ավտոճանապարհ է կառուցվում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Շիրակի փողոցից մինչև Արգավանդի խճուղի տանող նոր ավտոճանապարհի կառուցման հիմնարկեքի արարողությանը: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մետր լայնությամբ, շուրջ 1,5 կմ երկարությամբ: Տեղում, մանրակերտի վրա, քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները նշել են, որ ավտոճանապարհը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: Շինարարական աշխատանքների ընթացքում իրականացվելու են բոլոր անհրաժեշտ հաղորդուղիների տեղափոխումները, իսկ լուսավորության համակարգում տեղադրվելու են լուսադիոդային (LED) լուսատուներ:

 Երևանի քաղաքապետին են ներկայացվել նաև ավտոճանապարհի տարածքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված արժեքավոր գտածոները, որոնք պատկանում են ուրարտական ժամանակաշրջանին: Հարկ է նշել, որ մինչ Շիրակ-Արգավանդ ավտոճանապարհի կառուցման ծրագրի մեկնարկը, հաշվի առնելով, որ այն անցնելու է Կարմիր բլուր պատմամշակութային հնավայրի հարակից հատվածով, տեղում նախ անհրաժեշտ պեղումներ են կազմակերպվել, որպեսզի որևէ հնություն գետնի տակ չմնա։ 
 Հիմնարկեքի արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սերենիսիմա Կոնստրուցիոնի կազմակերպության նախագահ Ալբերտո Բրենտեգանին ստորագրել են նոր ավտոճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիր, որի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք ավտոճանապարհի հիմքում: 
 Առանձնակի կարևորելով մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող շրջանցիկ նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում: 
 «Արդեն երկու տարի է, ինչ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ փուլ առ փուլ մայրաքաղաքում խոշորածավալ ճանապարհաշինական ծրագրեր ենք կյանքի կոչում: Այսօր տվեցինք Շիրակ փողոցից դեպի Արգավանդի խճուղի տանող հատվածի շինարարության մեկնարկը: Այն Երևանի Շենգավիթ վարչական շրջանը կկապի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետ: Այս աշխատանքների շրջանակում Հրազդան գետի վրա կկառուցվի նաև 252 մ երկարությամբ կամուրջ, որը կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին: Նաև նշեմ, որ այս հատվածի շինարարական աշխատանքները կիրականացնի միջազգային մրցույթում հաղթած իտալական փորձառու կազմակերպությունը», - նշել է քաղաքապետը:
 Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը կշարունակվեն նաև առաջիկա տարիներին և կընդգրկեն քաղաքի այլ վարչական շրջաններ: 
 «Առաջիկայում կտրվի նաև ծրագրի երրորդ և չորրորդ փուլերի մեկնարկը, որոնք դեռևս մրցութային փուլում են: Ընդհանուր առմամբ ծրագրի բոլոր փուլերի շրջանակում կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխանող անընդհատ երթևեկությամբ 23 կմ շրջանցիկ ավտոճանապարհ, որը կձգվի Արտաշատի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի՝ իրար կապելով Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները: Այն կդառնա ճանապարհային լուրջ հանգույց և զգալիորեն կլուծի մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման խնդիրը, ինչն իսկապես մեծ ձեռքբերում կլինի Երևանի համար»,- նշել է քաղաքապետը: 
 Հարկ է նշել, որ նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում: Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ շինարարական աշխատանքները կավարտեն նախատեսված ժամկետում:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին