▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդմասցի Լյովիկի հայրը հանցագործ անվանեց Գաստիկին, Ծգլին եւ Տլեին

armtimes.com-ը գրում է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով դատական նիստը: Նիստի ընթացքում Երրորդմասցի Լյովիկի հոր՝ Միհրան Ղազարյանի եւ պաշտպանական կողմի միջեւ միջադեպ տեղի ունեցավ:

Մինչ այդ, սակայն, հարցաքննվեց սույն գործով առանցքային վկա Վահագն Մնացականյանը: Վերջինս դատավորի հարցին ի պատասխան ասաց, որ ամբաստանյալներին լուրերով է տեսել: Վերջինս խոսելով դեպքի օրը տեղի ունեցածի մասին պատմեց, որ Էրեբունի համայնքում գտնվող ավտովերանորոգման կետում է աշխատել, իրենց երեք անձ է մոտեցել, ասել են, որ մեկը վատ է զգում, խնդրել են տանել «Էրեբունի» հիվանդանոց:

Ըստ վկայի ցուցմունքի՝ ինքը նրանց տարել է, սակայն ճանապարհին խնդրել են այլ տեղ տանել իրենց: Նրանց իջեցրել է Մասիվում, իսկ երբ վերադարձել է, Ոստիկանությունից արդեն սպասում էին իրենց: Դատավորի հարցին՝ արդյոք իրեն գումար տվե՞լ են, վկան պատասխանեց, որ չէր վերցնում, բայց նրանք մեքենայի մեջ 10 հազար դրամ են թողել:

Դատախազի հարցին, թե ե՞րբ է տեղի ունեցել իր կողմից նկարագրված դեպքը, վկան պատասխանեց, որ չի հիշում, հավանաբար 1 տարի անցած կլինի: Հարցին՝ ի՞նչ իմացաք, որ տղաներից մեկը վատ էր զգում իրեն, վկան պատասխանեց, որ նրանք ասացին այդ մասին, բացի այդ՝ նրա տեսքից էլ երեւում էր, որ վատ է զգում. գույնը գցած էր: Դատախազը հետաքրքրվեց՝ արդյոք կարո՞ղ է նկարագրել այդ անձանց, ինչին ի պատասխան՝Վահագն Մնացականյանն ասաց, որ արդեն չի հիշում, իր նախաքննական ցուցմունքում ինչպես կարողացել է, նկարագրել է: Վկան ասաց, որ հարցաքննելիս իրեն նկարներ են ցույց տվել, ինքը ճանաչել է նրանցից մեկին, որն իրեն վատ զգացող ուղեւորն է եղել (խոսքը գործով ամբաստանյալ Գաստիկի մաիսն է-հեղ.): Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց՝ արդյոք այդ անձանցից մեկը դահլիճում ներկա՞ է, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ չի հիշում:

Մեղադրող դատախազըը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ էական հակասություններ կան դատարանում եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջեւ: Առանց լսելու դատավարության մասնակիցների կարծիքը՝ դատավորը մեղադրողին թույլատրեց հրապարակել ցուցմունքը: Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ լավ չի հասկանում՝ իր կարծիքն արտահայտելուց հետո դատարանը փոխելո՞ւ է իր դիրքորոշումը, ըստ էության, արդեն որոշում է կայացրել:

«Ես կխնդրեմ այսուհետ մեզ լսեք, նոր որոշում կայացնեք, բայց ասեմ, որ մեղադրողն ընդհանրապես չպատճառաբանեց: Այո՛, որոշակի հանգամանքներ կան ցուցմունքում, բայց դատախազը պետք է փորձեր դրանք պարզել հարցերի միջոցով, հարցեր չի տվել, որպեսզի պարզի»,- ասաց Լուսինե Սահակյանը: Դատավորը այս անգամ էլ չլսելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կարծիքը, բավարարեց դատախազի միջնորդությունը:

Հրապարակվեց վկա Վահագն Մնացականյանի՝ նախաքննության ընթացքում տված առաջին ցուցմունքը, որի համաձայն՝ 2015թ. մայիսի 4-ին, 13:45-ի սահմաններում ավտովերանորոգման կետ են մտել իրեն անծանոթ երեք անձինք, նրանցից մեկը հարցրել է, թե ումն է դրսում կանգնած մեքենան, ինքը պատասխանել է, որ իրենն է, խնդրել են տեղափոխել իրենց, ասել, որ ընկերոջ սիրտը լավ չէ, մեռնում է:

«Այդ ընթացքում ուշադրություն դարձրի այն անձին, ով իրեն լավ չէր զգում: Տեսա, որ նրա դեմքն ամբողջությամբ գունատ է, քրտինքով պատված, աջ ձեռքը դրել էր կրծքավանդակին՝ մի փոքր առաջ թեքված»,- նշված էր վկայի ցուցմունքում: Ըստ ցուցմունքի՝ ճանապարհին խնդրել են փոխել ճանապարհը, ինքը հարցրել է՝ հիվանդանոց չի տանելո՞ւ, նրանցից մեկը պատասխանել է՝ «լավ էլի, ախպե՛րս, սենց աջով թեքվի, կիջնենք հես ա»:

Ըստ ցուցմունքի՝ վկան ճանապարհը շարունակել է աջով ու զգացել, որ ինչ-որ բան այն չէ, «քանի որ նրանք երեքն էլ հագած էին կապիշոնով սվիտերներ ու վրայից՝ կուրտկաներ, եւ կողքիս անձն ավտոմեքենայում նշված խոսակցության ժամանակ անհանգիստ ձեւով կողքիններին էր նայում»: Ըստ ցուցմունքի՝ տեղ հասնելուց հետո ուղեւորները հեռացել են «կիսախառնված վիճակում»: Նրանց մոտ զենք կամ այլ առարկա չի նկատել:

Հետաքրքրական է, որ քննիչի հարցին ի պատասխան՝ վկան բավական մանրամասն նկարագրել էր այդ ուղեւորներից երկուսի արտաքինը: «Ավտոմեքենայում իմ կողքին նստած անձը միջահասակ էր, թիկնեղ, դեմքը՝ կլորավուն, այտերը՝ քիչ արտահայտված, մաշկը՝ ցորենամորթ, քիթը՝ միջին չափի, ուղիղ, աչքերը՝ սեւ, միջին չափի»,- նկարագրելով ուղեւորներից մեկին՝ նշել էր Մնացականյանը՝ հավելելով, որ դեմքը սափրված չէր, «6-7 օրվա թրաշով»: Երկրորդ անձը, ըստ վկայի, նիհար էր, կարճահասակ, դեմքը՝ չսափրված, դեմքի այլ նկարագիր չէր հիշում: Երրորդ անձին վկան նկարագրել էր՝ որպես բարձրահասակ անձ, կլորավուն դեմք ունեցող, կանաչավուն խոշոր աչքերով, սափրված դեմքով, կզակի վրա, ծնոտին սպի ուներ: Վկան պատմել է, որ վերադառնալով վերանորոգման կետ՝ իմացել է, որ տեղանքում սպանություն է կատարվել, իսկ թե իր տեղափոխած անձինք կատարած դեպքի հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ, չի կարող ասել, չգիտի:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին