▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերն ընտրության առջև են կանգնել

2015-ին Բյուրականի աստղադիտարանում բացվեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հարավարևմտյան Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը, և Հայաստանը դարձավ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն։ Բացի Հայաստանից, կենտրոնին էին միացել Վրաստանը և Իրանը։ Օրերս ստացված պաշտոնական նամակի համաձայն միացել է նաև Ղազախստանը։

«Ղազախստանի միանալն էապես ուժեղացնում է մեր կենտրոնը, և դրա գործունեության ոլորտը տարածում դեպի Կենտրոնական Ասիա։ Ղազախստանում գործում է Ֆեսենկովի անվ․ աստղաֆիզիկայի ինստիտուտն իր բարձրլեռնային (2700-2750 մ) 3 աստղադիտարաններով, որտեղ թեև չկան խոշոր աստղադիտակներ, սակայն առկա են դիտումների համար չափազանց բարենպաստ պայմաններ։ Ներկայումս Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ նույնպես քննարկվում են մեր կենտրոնին միանալու տարբերակները, իսկ կենտրոնը հավանաբար կվերանվանվի «Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն» ծրագրի տնօրեն, Բյուրականի աստղադիտարանի(ԲԱ)առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը:

Իսկ, թե ինչո՞ւ է որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն ընտրվել հենց Հայաստանը, Արեգ Միքայելյանը նկատեց.

«Տարածաշրջանի բոլոր երկրների մեջ Հայաստանը աստղագիտության զարգացման մակարդակով ամենաբարձրն է համարվում: Գիտեք, որ սա համարվում է ամենաբարդ տարածաշրջանը: Լի են քաղաքական, կրոնական հակասությունները, անհաշտությունները: Դրված է նաև Թուրքիայի՝ կենտրոնին միանալու հարցը: Կարծում եմ, որ մեր նվաճումը կլինի, եթե այս երկիրն էլ միանա, քանի որ այդ դեպքում կճանաչի Հայաստանին որպես գերակա երկիր: Երբ որ մրցույթ էր հայտարարվել, թուրքերն էին ցանկանում տարածաշրջանում աստղագիտական կենտրոն դառնալ, բայց նախապատվությունը մեզ տրվեց: Հիմա նրանք ընտրության առջև են.կամ միանալ, կամ՝ խաղից դուրս մնալ»:

Արեգ Միքայելյանի փոխանցմամբ՝ այս կենտրոնները միտված են համակարգելու տվյալ տարածաշրջանի երկրներում աստղագիտության զարգացումը՝ բոլոր մակարդակներում.պրոֆեսիոնալ, կրթական, հանրային:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին