▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաջիկստանը միացել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին

2015-ին Բյուրականի աստղադիտարանում բացվեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հարավարևմտյան Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը, և Հայաստանը դարձավ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն։ Այն ՄԱՄ ռազմավարական ծրագրի շրջանակներում ստեղծված 8 կենտրոններից մեկն է և համակարգելու է աստղագիտության զարգացումը մեր տարածաշրջանում։ Բացի Հայաստանից, կենտրոնին էին միացել Վրաստանը և Իրանը, իսկ վերջերս նաև՝ Ղազախստանը։ Օրերս ստացված պաշտոնական նամակի համաձայն, մեր տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին է միացել նաև Տաջիկստանը։ Նշված նոր երկրների միանալն էապես ուժեղացնում է մեր կենտրոնը, և դրա գործունեության ոլորտը ամրապնդում Կենտրոնական Ասիայում։ Տաջիկստանում գործում է գիտությունների ակադեմիայի Աստղաֆիզիկայի ինստիտուտն իր Հիսար և բարձրլեռնային Սանգլոխ (2300 մ) և Պամիր (4350 մ) աստղադիտարաններով, որտեղ թեև չկան խոշոր աստղադիտակներ, սակայն առկա են դիտումների համար չափազանց բարենպաստ պայմաններ։ Ներկայումս Ուզբեկստանի հետ նույնպես քննարկվում են մեր կենտրոնին միանալու տարբերակները, իսկ կենտրոնը վերանվանվել է «Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի»։

Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակը նպաստում է մեր երկրի միջազգային և տարածաշրջանային հեղինակության և վարկանիշի բարձրացմանը։ Աստղագիտությունը, լինելով Հայաստանի այցեքարտերից մեկը, կարող է մեծ դեր խաղալ տարածաշրջանում մեր երկրի դիրքերի ամրապնդման և հետագայում ընդարձակվելու և տարածաշրջանային գիտական կենտրոն ստեղծելու համար։ Սա թերևս միակ ոլորտն է, որի դեպքում հարևան երկրներն անվերապահորեն ընդունում են Հայաստանի գերակայությունը։

Հայկական աստղագիտական ընկերություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին