▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանձնարարվել է կազմակերպել ծառերի և թփերի բուժման աշխատանքներ

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքների մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 11 արձանագրություն: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու ամռան ընթացքում կազմակերպել ստուգայցեր մայրաքաղաքի խանութներ և հանրային սննդի կետեր՝ ստուգելու հատկապես կաթնամթերքի ժամկետայնությունը: 

 

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 62 վարչական արձանագրություն:
 

Բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ՝ մայրաքաղաքում շարունակվում են ծաղկապատման, այգիների մաքրման աշխատանքները: Ըստ ժամանակացույցի շարունակվում են չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի նկատմամբ մասնագիտական միջամտությունները: Զեկուցվել է նաև, որ առաջիկա օրերին ամբողջությամբ կվերագործարկվեն Սարալանջի հին և նոր փողոցների միջև գտնվող և Հրազդանի կիրճի՝ Սբ. Սարգիս եկեղեցու հարակից տարածքների ոռոգման ցանցերը: Քաղաքապետը հանձնարարել է զուգահեռաբար կազմակերպել նաև ծառերի և թփերի բուժումը:
 

Քաղաքի գլխավոր դիզայները զեկուցել է, որ վարչական շրջանների բակային տարածքներում շարունակվում են նկարազարդումներն ու գունազարդումները: Մինչ օրս նկարազարդվել է 71 բակային տարածք: Զուգահեռաբար թարմացվում և նորոգվում են վնասված նստարաններն ու աղբամանները:
 

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է նաև, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում ընթանում են «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները, որոնցում ներգրավված են նաև կարիքավոր ընտանիքների և հատուկ խմբերի երեխաները:

 

 Հաշվի առնելով, որ առաջիկա կիրակի օրը կնշվի Վարդավառի տոնը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան կառույցներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հավուր պատշաճի կազմակերպել և անցկացնել տոնը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին