▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առերեսումների ժամանակ պաշտպանական կողմին զրկում են նյութերին ծանոթանալ.Փաստաբանը՝ Սէֆիլյանի քրգործի մասին

«Պաշտպանական կողմը կարծում է, որ Ժիրայր Սէֆիլյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր էր՝ պայմանավորված նրա հայացքներով, քաղաքական գործունեությամբ, ապրիլյան պատերազմի ժամանակ ունեցած տարածքային կորուստների իրական չափերի վերաբերյալ հայտարարություններով»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Սէֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը:

Նրա խոսքով՝ տվյալ քրեական գործի հարուցման իրական նպատակը ամեն գնով և երկար ժամանակով Սէֆիլյանին ազատությունից զրկելն է:

Արա Զաքարյանի փոխանցմամբ՝ քննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ.

«Խախտումներից մեկն այն է, որ Սէֆիլյանը որպես իր փաստաբան մատնանշել է նաև Վարուժան Ավետիսյանին, սակայն քննչական մարմինն ամեն կերպ փորձում է խոչընդոտել դրա իրականացմանը: Նշում են, որ չի կարող պաշտպան լինել, քանի որ կարիք կա նրան հարցաքննել որպես վկա: Սա միակ խախտումը չէ: Առերեսումների ժամանակ էլ պաշտպանական կողմին զրկում են նյութերին ծանոթանալու և հարցեր տալու հնարավորությունից»,-նշեց պաշտպանը՝ հավելելով. «Այն անձը, ում հետ առերեսում տեղի ունեցավ երեկ, պահվածքից կարելի է ենթադրել, որ նրա նկատմամբ կիրառվել են ճնշումներ, չեմ բացառում նաև ֆիզիկական։ Քննչական մարմինը գործով անցնող գուցե մյուս անձանց վրա էլ է ճնշում գործադրել, չեմ բացառում, որ նրանց առջև դրել են քրեական օրենսգիրքը, ցույց տվել 300-րդ հոդվածը ու սպառնացել, որ եթե ցուցմունք չտան, թե նախապատրաստական քայլեր է իրականացվել Սէֆիլյանի կողմից՝ իշխանությունը յուրացնելու ուղղությամբ, ապա ձեզ մեղադրանքներ կառաջադրվեն»:

Արա Զաքարյանը նշեց, որ ցուցմունք տվող անձը մինչեւ առերեսումը նորմալ խոսել է իր հետ, իսկ առերեսման ժամանակ միանգամից փոխվել է. «Առերեսման ընթացքում կցկտուր մտքեր էր արտահայտում, Ժիրայր Սէֆիլյան անուն-ազգանունը առհասարակ չէր կարողանում ասեր, հայացքը դեպի ներքեւ էր ուղղված, իսկ քննիչը ստիպված էր բազմաթիվ հարցերի օգնությամբ բառերը  քաշել նրա բերանից»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 20-ին ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլյանը, որից հետո նրա տանը եւ «Սարդարապատ» շարժման գրասենյակում կատարվել է խուզարկություն: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին