▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում Գեղարքունիքի մարզում. ձերբակալվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, 2 անձ ձերբակալվել է:

Հուլիսի 23-ին՝ ժամը 11:05-ին, ահազանգ էր ստացվել, որ  Ճամբարակում գործող առևտրի սրահից կատարվել է ոսկյա զարդերի հափշտակություն։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ  2016 թվականի հուլիսի 23-ի առավոտյան  2 երիտասարդ մուտք են գործել  Ճամբարակ քաղաքում գտնվող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ  առևտրի կենտրոն, որտեղ դանակի գործադրմամբ սպառնացել են վտանգավոր բռնություն գործադրել վաճառողուհու կյանքի նկամամբ։ Երիտասարդներից մեկը փակել է վաճառողուհու բերանը, իսկ մյուսը առևտրի կենտրոնի սրահի ցուցափեղկից հափշտակել ոսկյա զարդերը ու դիմել փախուստի։ 

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ  հանցագործություն կատարած անձանց ինքնությունը եւ ձերբակալվել ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին