▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակ ծրագրով հնարավոր է ձայնը փոխել. փաստաբանը՝ ԱԱԾ ձայնագրության մասին

armtimes.com-ը գրում է. «Սասնա ծռեր» խումբն այսօր առավոտյան հայտարարեց, որ գիշերը ոստիկանությունը դավադրաբար կրակ է բացել ՊՊԾ գնդի ուղղությամբ, որի հետեւանքով ոտքերից վիրավորվել են «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: 

Ոստիկանությունը՝ հակառակը, հայտարարեց, որ նշված անձինք վիրավորվել են այն ժամանակ, երբ ՈՒԱԶ մակնիշի մեքենայով գնդի տարածքից դուրս են եկել եւ շարժվել դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Ոստիկանությունը նաեւ տեսանյութ էր տարածել:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանության կողմից այսօր հրապարակված տեսանյութում մոնտաժի միջոցով իրար են կպցրած տարբեր ժամանակաշրջաններում տարբեր տեսախցիկներից արված կադրեր, որոնցից դժվար է իրականության մասին պատկերացում կազմել:

«Միայն տեսանյութից ասել՝ իրականում ինչ է տեղի ունեցել՝ հնարավոր չի: Իրականում հնարավոր է տեսանյութից կտրված լինեն ինչ-որ մասեր եւ ինքը մոնտաժման արդյունք լինի: Ժամանակագրական առումով տեսանյութում տարբեր բաներ են: Եթե ուշադիր լինեք՝ կտեսնեք, որ մի տեղ բավականին լուսավոր ժամի է մեքենան շարժվում: 1 րոպե հետո դրված կադրերում մութ է: 1:37 րոպեում փողոցի լույսերը վառված չեն, անմիջապես հետո դրված կադրերում լույսերը վառված են»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ նաեւ նկարահանման տեղանքն է տարբեր: Նա ընդգծեց, որ ըստ տեսանյութում օգտագործված կադրերի՝ մեկ տեսախցիկը նկարել է հեռվից, մեկ՝ մոտիկից, մեկ որակն ուրիշ է, մեկ էլ ուրիշ, ուստի հնարավոր չէ հասկանալ, թե արդյո՞ք տեսանյութում պատկերավածը նույն օրն է տեղի ունենում:

«Պետք է այդ մարդկանց պարզաբանումները լսել՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում: Տեսանյութից ոչինչ չի երեւում. կարող է ոստիկանության մեքենան է, գալիս կրակում, թողում գնում է, կարող է իմիտացիա լինել: Չի էլ երեւում՝ ով դուրս եկավ մեքենայից, ուր է փախչում, ինչ տրանսպորտային միջոց է: Այնպես որ շատ հանգիստ կարող է իմիտացիա լինել, թե մեքենայում «Սասնա ծռերի» անդամներն են»,- ասաց Բաղդասարյանը:

Անդրադառնալով ԱԱԾ կողմից տարածված ձայնագրությանը, որով փորձ էր արվում ցույց տալ, թե իբր խմբի տղաները ինքնագլուխ են գործում, իրար մեղադրում են ինչ-որ բաներում եւ այլն, փաստաբանը նշեց, որ այսօր հնարավոր է հասարակ ծրագրի միջոցով մի մարդու ձայնը փոխարինել մեկ ուրիշով:

««Չես կարող ասել՝ այդ ձայնագրության մեջ այդ մարդի՞կ են խոսում, թե՞ ոչ, որովհետեւ ձայնագրությունը հասարակ ծրագրի միջոցով հնարավոր է վերականգնել: Մինչեւ տեղի չունենա փորձաքննություն, չի կարող պարզվել՝ այդ մարդի՞կ են խոսել, թե՞ ոչ: Ես կարող եմ հասարակ ծրագրի միջոցով խոսել ձեր ձայնի արտահայտությամբ: Կարելի է ֆեյսբուքյան տիրույթում գտնել մի ծրագիր, որի միջոցով հնարավոր է յուրաքանչյուր մարդու ձայնը վերարտադրել: Ձայնագրությունը չի կարող ապացույցի տեսակ համարվել»,- ընդգծեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Շարունակություն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին