▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անսպառ գարեջուր, մրցույթներ, տոնական հաճելի մթնոլորտ. կայացավ Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով կազմակերպված Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը գարեջրասերներին մեկտեղել էր մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում: Հայկական գարեջրագործության լավագույն ավանդույթները, գարեջրի ստեղծման շուրջ երեքհազարամյա պատմությունը ներկայացրել էին հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, մայրաքաղաքային գարեջրատները, սրճարաններն ու փաբերը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով գարեջրասերներին և մասնակից ընկերությունների ներկայացուցիչներին՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է, որ «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» խոշոր փառատոներից հետո այս փառատոնը նույնպես արդեն հասցրել է սիրվել ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի կողմից: 

«Երևանի գարեջրի փառատոնը, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, Երևանի զբոսաշրջային ծրագրի կարևոր բաղադրիչներից է և իր ուրույն նպաստն է բերում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը մայրաքաղաքում:
Փառատոնի այցելուների թիվը նախորդ տարիներին գերազանցել է 4000-ը: Երևանի գարեջրի փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակում համախմբելն է», - նշել է Մարիա Բարաղամյանը:

 Փառատոնի ընթացքում գործել են 20 տաղավարներ, որոնք ներկայացրել են շուրջ 15 ընկերություններ: Առանձին տաղավարներում փառատոնի մասնակիցներին առաջարկվել է գարեջրի թարմ տեսականի ու համապատասխան խորտիկներ: Փառատոնին մասնակցել են «Երևանի գարեջուր» գործարանը՝ «Կիլիկիա», «1952», «Yerevan», էքսքլյուզիվ մուգ ապրանքանիշերով, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանները, որոնք ներկայացնում են «Gyumri», «Aleksandropol», «Ararat», «Chezh» ապրանքատեսակները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academy» (Գարեջրի ակադեմիա) գարեջրատունը, «Յանկի» փաբը, «Կառլոֆֆ» չեխական գարեջրատուն–ռեստորանը, Հայ խեցգետնակերների ֆեդերացիան, «Բիռ մանիա» գարեջրատուն-սրճարանը և «Նավավար» ձկնալի ըմպենարանը: 

 Փառատոնն ընթացել է տարատեսակ մրցույթներով. հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով, որոշել նրբերշիկի համը, արագորեն մաքրել գետնանուշը, արագորեն ուտել խեցգետին և այլ մրցույթներ, որոնց մասնակցել են բոլոր ցանկացողներն ու ստացել անակնկալ նվերներ, ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ մասնակից ընկերությունների կողմից: Ի դեպ, վերջիններս և գարեջրասերները ողջունել են արդեն ավանդական դարձած այս միջոցառումը` հատկանշելով, որ այն գարեջրի արտադրության բնագավառի նորամուծություններին, նոր տեսականուն ծանոթանալու ու, ընդհանրապես, գարեջրային միջավայրում հրաշալի ժամանակ անցկացնելու հնարավորություն է: Նշենք, որ, փառատոնի կանոնակարգի համաձայն, գարեջուրը եղել է վճարովի, այն չի վաճառվել ապակյա տարաներով, իսկ գնելու հնարավորություն են ունեցել միայն չափահասները:

Փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը՝ «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով` ներկայացնելով արցախյան զբոսաշրջային ներուժը: Փառատոնի ավարտին մասնակից ընկերությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ստացել են մասնակցության շնորհակալագրեր:

Երեկոն ուղեկցվել է համերգային հագեցած ծրագրով: Կենդանի հնչողությամբ հանդես են եկել «Alexandrapol» և «Boeing» նվագախմբերը: Ներկաների բարձր տրամադրությունն է ապահովել նաև DJ Soprano-ն:
Տեղում աշխատել են շտապօգնության և ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանության ծառայությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին