▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջ` կրկնուսույցներին. ավագ դպրոցում միայն երեք առարկա կսովորեն

 

Yerkir.am-ը գրում է.

ՀՀ  ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, երբ նոր էր նշանակվել այդ պաշտոնում, խոստացել էր ոլորտում մի շարք բարեփոխումներ իրականացնել: Եվ այսպես` առաջին քայլն արված է` 2016-17թթ. ուսումնական տարում ավագ դպրոցների աշակերտներին մի շարք էական փոփոխություններ են սպասվում:

Կայքի հետ զրույցում Լևոն Մկրտչյանն ասաց, որ պետք է կարողանանք վերաիմաստավորել «ավագ դպրոց» հասկացությունը, որպեսզի այն ճիշտ աշխատի և իր տեղում լինի: Ի վերջո, այն մի համակարգ է, որը լայնորեն կիրառվում է շատ երկրներում, հատկապես` ԱՄՆ-ում, և բավական ճկուն է աշխատում: «Եթե մենք ունենք անկախ թեստավորման կենտրոն, որը, մոտավորապես, ԱՄՆ-ի համակարգի նմանությունն ունի` իրականացնում է կենտրոնացված քննություններ, ապա այս դեպքում ավագ դպրոցից դեպի բուհ անցումը շատ կարևոր է դառնում: Ավագ դպրոցը հանրակրթության մեջ պետք է լինի այն օղակը, որը կկարողանա միջոց ծառայել բուհ անցման համար»,- ասաց նախարարը:

Հարցին, թե ավագ դպրոցները չպե՞տք է այնքան կայանան, որ սկսեն կրկնուսույցներին փոխարինել, քանի որ իրականում աշակերտներին բուհ ընդունելությանը պետք է նախապատրաստեն, Մկրտչյանը պատասխանեց, որ, այո, քանի որ ավագ դպրոցն այդ դերը չի կատարում, աշակերտներն էլ դիմում են կրկնուսույցներին: Խնդիրը լուծելու համար, ըստ նախարարի, հիմա քայլեր են տարվում:

«Ավագ դպրոցների կոնցեպցիան, ըստ էության, այն է, որ արդեն 12-րդ դասարանում մասնագիտորեն լիարժեք կողմնորոշված երեխան կարողանա պատրաստվել բուհ ընդունելությանը: Այս առումով` շատ հետաքրքիր ձևաչափ ունենք միջին մասնագիտական կրթության ոլորտում. այս համակարգում աշակերտին հնարավորություն է տրվում 4 տարվա ընթացքում վերջնական մասնագիտությամբ վկայական ստանալ: Այստեղ մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը: Նույն ձևաչափով մենք պետք է կարողանանք կապել ավագ դպրոցը բակալավրիատին, որպեսզի բակալավրիատի որոշակի ծանրաբեռնվածությունն իջնի ավագ դպրոց»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` շատ կարևոր է, որպեսզի 12-րդ դասարանում բեռնաթափում լինի, որպեսզի կարողանանք ապագայում /բնականաբար, պատրաստվելուց հետո/ որոշ կրեդիտային միավորներ իջեցնել ավագ դպրոց, որը կկարևորի նաև ավագ դպրոցի դերը: Ավագ դպրոցն այնքան էլ արդյունավետ չէ գործում, քանի որ, Մկրտչյանի կարծիքով, ամբողջությամբ պահում է դպրոցական ծրագրերի ծանրաբեռնվածությունը:

«Խնդիրն այն է, որ ծնողները չեն տեսնում ավագ դպրոցի մեջ այն ֆունկցիան, որին կոչված է դեպի բակալավրիատ տանող ճանապարհը: Այդ իսկ պատճառով էլ մենք այս տարի որոշեցինք, որ պետք է ինչ-ինչ փոփոխություններ լինեն ավագ դպրոցի ուսումնական ծրագրում: Դեռևս առաջին տարվա համար` դեկտեմբեր ամսին 12-րդ դասարանում սովորող աշակերտը կվերջացնի բոլոր առարկայական քննությունները և կընտրի այն երեք ուղղությունները, որոնց մեջ էլ ուզում է խորանալ և հետագայում այդ մասնագիտությամբ բուհ ընդունվել: Հունվար ամսից 12-րդ դասարանցիները կսովորեն միայն այդ երեք ուղղություններով»,- ասաց նախարարը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին