▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենալսելին երբեմն լռությունն է. 200 հազար դոլար՝ Արցախին, լուրջ ներդրումներ Տաշիրում

Մեր իրականության մեջ, ցավոք, երբեմն հայրենասիրության սահմաններն սկսվում ու ավարտվում են պաթետիկ հայտարարություններով ու բաժակաճառերով: Ու որպես կանոն, ավելի քիչ խոսում են նրանք, ովքեր ուղղակի գործ են անում՝ իրենց հնարավորությունների սահմաններում: Այդպիսի մարդկանցից է գործարար Արամայիս Բոզոյանը: Իմացանք, որ Արցախին 200 հազար դոլար է նվիրաբերել: Առանց աղմուկի, առանց ավելորդությունների, ուղղակի մարդն իր սրտի ցանկությամբ իր նվիրատվությունն է արել Արցախ աշխարհին: 

Արամայիսը հաջողակ գործարար է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն ամուր կառչած է իր հող ու ջրին, իր հայրենի եզերքին՝ Տաշիրին… Նվիրումն արհեստական չի լինում: Այն կա կամ չկա:

Բարձրագոչ խոսքերից շատ ավելի լսելի լռությամբ Արամայիս Բոզոյանը պարբերաբար աջակցում է ոչ միայն Մեծավանին, ուր ծնվել է, Տաշիրի տարածաշրջանին, այլև Հայաստանին ընդհանրապես ու նաև Արցախին:

Հիմա մեծ ծրագիր է կյանքի կոչում՝ Տաշիրի տարածաշրջանի 6-7 համայնքներում, ավելի քան 1400 հեկտար խոպան հողերի վրա: Շոշափելի ներդրումներ իրականացնելով՝ ձեռք է բերել գերժամանակակից տեխնիկա, մելիորացրել այդ հողերը, սկսել մշակման աշխատանքները: Զուտ գործարարության տեսակետից օգուտների մասին խոսելն առայժմ անիմաստ է, սակայն միայն այն, որ այդքան խոպան հողեր անմշակ չեն մնա, արդեն իսկ չափազանց կարևոր է: Դրան գումարենք նշյալ համայնքերի բյուջե մտնող հարկերը, ինչպես նաև 200-ից ավելի աշխատատեղերը, որ ցանկացած ոչ երևանյան տարածաշրջանի համար զգալի թիվ է, պատկերն առավել ամբողջական կդառնա: 

Երբ մարդն ուրախ է իր երկրի, իր արմատների, իր ժողովրդի համար մի լավ գործ անելով, երբ մարդն ուղղակի ուզում է իր նպաստը բերել թեկուզ մեկ համայնքի զարգացման, թեկուզ տասը մարդու բարեկեցության գործին, մեր կարծիքով՝ հայրենասիրության սահմանները հենց այստեղ են: Ու չգնահատել, երևի թե, չի կարելի: Յուրաքանչյուր տարածաշրջանում մի քանի այսպիսի տղաներ ունենանք, մեր խնդիրներն անհամեմատ քիչ կլինեն:

Արտակ Ճաղարյան
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին