▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզահամերգային համալիրը խլել են, բայց վարչապետին դա չի հետաքրքրում

armtimes.com-ը գրում է. ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ հայ հանրության ուշադրության կենտրոնում: Երեկ նա վարում էր ՀՀ կառավարության նիստը, եւ նրա կարճատեւ ելույթները, կառավարության անդամների հետ երկխոսությունների տեսագրությունները ակտիվորեն շրջանառվում էին սոցիալական ցանցերում:

Հարկ է շեշտել, որ նրա արտահայտած մտքերը բավականին հաճելի են հանրության որոշակի հատվածի համար: Բայց նրա ասածների բովանդակային մասից կարելի է նախնական եզրակացություններ անել, թե ինչ խնդիրներ է իր առաջ դրել նորանշանակ վարչապետը: Արդյոք նա ցանկանո՞ւմ է արմատապես փոխել իրավիճակը, վերացնել տնտեսության զարգացումն արգելակող խորքային պատճառները, թե՞ ընդամենը փորձելու է մակերեսային հարցեր լուծել եւ փոքր-ինչ մեղմել իշխանության նկատմամբ օրեցօր խորացող ատելությունը:

Դիտարկենք նիստում քննարկված մի հետաքրքիր հարց: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության  նախագահ Արման Սահակյանը ներկայացրել էր մի նախագիծ, որով նախատեսվում է պետական բյուջեից ավելի քան մեկ միլիարդ դրամ հատկացնել վարչությանը: Այդ գումարը պետք է ուղղվի սնանկացած «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» (ՄՀՀ) ողջ շարժական գույքը գնելու եւ այն նույնանուն ՊՈԱԿ-ին անհատույց տրամադրելու նպատակին: Այսինքն հարկատուների գումարներով պետք է ապահովվի տնտեսվարող մի սուբյեկտի, տվյալ դեպքում՝ ՄՀՀ-ի գործունեությունը:

Սա,բնականաբար, հետաքրքրեց Կարեն Կարապետյանին, եւ նա սկսեց հարցեր տալ Արման Սահակյանին, թե ինչի համար են այդ գումարը հատկացնում, ով է կառավարում այդ ՊՈԱԿ-ը, ինչ խնդիրներ պետք է լուծի կառավարիչը եւ այլն: Վարչապետը մի քիչ վրդովվեց, որ պետությունը ՄՀՀ-ն կառավարող ՊՈԱԿ-ին գումարներ է տալիս ու իր վրդովմունքը եզրափակեց նրանով, որ պետք է ՄՀՀ-ն լավ կառավարել, որ բյուջեից փող չտան: Շատ լավ, ականջահաճո հայտարարություններ էին: Բայց արդյոք ՄՀՀ-ի ներկայիս տխուր ֆինանսական վիճակը չունի՞ ավելի խորքային պատճառ:

Իրականում ունի, սակայն դա վարչապետին ընդհանրապես չհետաքրքրեց: ՄՀՀ-ն դասական օրինակ է, թե ինչպես են Հայաստանում սեփականատիրոջից խլում բիզնեսը, իսկ Կարեն Կարապետյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ բիզնեսները չպետք է խլվեն: Այնպես որ, ՄՀՀ-ի թեման լրիվ տեղավորվում է արդիական դարձած «տեսլականների» մեջ:

Մարզահամերգային համալիրի պատմությունը շատ մութ է եւ բոլոր մանրամասները ճշտելն ուղղակի անհնար է: Բայց ընդհանուր գծերով պատմությունը հետեւյալն է: ՄՀՀ-ն ժամանակին գնել էր «Բամո» ընկերությունը, որը 2012 թվականին բյուջետային մի քանի վարկ էր վերցրել կառավարությունից: Այդ վարկերը տրամադրվել էին գաղտնի որոշումներով: Ու չնայած վարկերի սպասարկումը ուշացնելու դեպքում պետք է հաշվարկվեին տույժ-տուգանքներ, կառավարությունը դա չարեց եւ 2014 թ. հապճեպ դիմեց դատարան՝ վարկի ուշացման համար ՄՀՀ-ն սեփականատիրոջից հետ վերցնելու հայցով: Առաջին ատյանի դատարանը ընդամենը 1 ժամ 15 րոպե փակ նիստ անելով՝ որոշեց, որ մի քանի տասնյակ միլիոն արժեցող գույքի սեփականատեր «Բամո»-ն այլեւս ՄՀՀ-ի սեփականատեր չէ: Ընդամենը 1 ժամ 15 րոպեում: Իրավական այնպիսի տեղապտույտ իրականացվեց, որ «Բամոն» նույնիսկ չկարողացավ բողոքարկել դատարանի վճիռը եւ որոշ ժամանակ անց ՄՀՀ-ն դարձավ պաշտպանության նախարարության սեփականությունը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին