▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունն այս տարի կանցկացվի «Երևան՝ արևի քաղաք» խորագրով

Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացվել են «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության ընթացքում նախատեսված տոնական միջոցառումների ծրագրերը: Խոսելով մշակութային ծրագրերի մասին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, կանցկացվի մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին՝ «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով: Ծրագիրը կներառի 34 հարթակներում կազմակերպված տարաբնույթ միջոցառումներ: Արամ Սուքիասյանը տեղեկացրել է նաև, որ այս տարի կրճատվել են տոնակատարության ծավալով, ըստ էության, ամենամեծ միջոցառումները՝ Հանրապետության հրապարակում անցկացվող գալահամերգը, քաղաքապետարանի հարակից հրապարակում կազմակերպվող միջոցառումն ու դրան հաջորդող շքերթը:

«Հաշվի առնելով ապրիլին առաջնագծում տեղի ունեցած դեպքերը՝ դեռևս այս տարվա մայիսին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին 2016թ. բյուջեում, մասնավորապես, մշակութային ծրագրերի առումով, որոնք ուղղվեցին ապրիլյան դեպքերի հետևանքով վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած, ինչպես նաև զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներին օժանդակելու գործին: Այս տրամաբանությամբ էլ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունը կլինի ավելի զուսպ», - ընդգծել է Արամ Սուքիասյանը: Նա նշեց, որ սեպտեմբերի 27-ից կմեկնարկի միջոցառումների սոցիալական բաղադրիչը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ արդեն մի քանի տարի մայրաքաղաքի ծննդյան տարիներին համապատասխան թվով սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցության ծրագիրը: 

Անդրադառնալով բուն միջցառումներին՝ նշվել է, որ մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի համար հիմնական բեմահարթակներում՝ հրապարակներում, զբոսայգիներում և բացօթյա այլ հատվածներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր համերգային ծրագրեր՝ ամենատարբեր երաժշտական ճաշակ ունեցող ունկնդիրների համար: Իսկ Խաչքարերի պուրակում կտեղակայվի ազգային բեմահարթակը, որտեղ նախ հանդես կգան ազգային փոքրամասնությունները, ապա հայկական ազգագրական երգի-պարի համույթները: Այս տարի նախատեսված են բազմաթիվ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն 14:00-ից ամենատարբեր վայրերում և տարբեր ժամերի: Հոկտեմբերի 8-ին երթևեկությունը մայրաքաղաքում էապես չի խաթարվի: Այս տարի ժամանակավորապես կփակվեն միայն Էրեբունի փողոցը և Աբովյան փողոցի մի հատվածը: Այդ օրը մայրաքաղաքում կհյուրընկալվեն Երևանի քույր ու գործընկեր քաղաքներից բազմաթիվ պատվիրակություններ: 

«Երևան՝ արևի քաղաք» կարգախոսին համապատասխան՝ մայրաքաղաքն այս տարի կձևավորվի կարմիր և ծիրանագույն ճառագայթներով: Ասուլիսի մասնակից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ տոնականորեն կձևավորվեն մայրաքաղաքի փողոցներն ու կամուրջները, ինչպես նաև՝ տրանսպորտային միջոցներն ու քաղաքային գույքը: Տոնի մասին կտեղեկացնեն նաև գովազդային վահանակներին փակցված պաստառներն ու հոլովակները:

«Բոլոր տնտեսվարողներին և կազմակերպություններին տրամադրվել են համապատասխան ուղեցույցներ, որոնք կհուշեն, թե ինչպիսի ձևավորում պետք է իրականացնեն վերջիններս, որ մայրաքաղաքն այդ օրերին ամբողջական ու միասնական տեսք ստանա»,-նշել է Արազ Բաղդասարյանը:

Ասուլիսին նաև նշվել է, որ Երևան քաղաքի ավագանու առաջիկա նիստում, ավանդույթի համաձայն, կքննարկվի և հայտնի կդառնան Երևանի պատվավոր քաղաքացիների անունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին