▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ռաբիս երգչուհին բարձր վարձատրվող աշխատանք է խոստացել հինգ քաղաքացու և հափշտակել նրանցից 9500 դոլար

Yelaket.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվեց Վարդուշ Խաչատրյանի գործի դատական քննությունը: 1949 թվականի սեպտեմբերին ծնված Վարդուշը օրերս է բոլորել 65 տարին: Նա կալանքի տակ է մոտ մեկ տարի՝ 2015 թվականի նոյեմբերի 22-ից: Սակայն Վարդուշը մինչ այդ վեց տարի՝ 2009 թվականից գտնվել է… հետախուզման մեջ:

Հետաքրքիրն այն է, որ Վարդուշը Հայաստանից չէր հեռացել ու օտար ափերում չէր թաքնվել մեր իրավապահներից: Նա գտնվել է Երևանում, միայն թե չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է, կեղծամներ է օգտագործել ու այդպիսով «անճանաչելի» է մնացել մինչև 2015 թվականի նոյեմբերը: Վարդուշ Խաչատրյանը ժամանակին ռաբիզ երգչուհի է եղել, լավ կյանք է արել՝ ըստ տեղեկությունների: Այն ծերացած, մի բուռ դարձած Վարդուշ Խաչատրյանը, որ խեղճ-խեղճ նստած էր դատարանում, սրտային հիվանդին բնորոշ ուժգին հևոցով շնչում էր ու դողում՝ հիվանդության ու դատավճռի հրապարակմանն անհանգիստ սպասելու պատճառով, ժամանակին բոլորովին այլ արտաքին ու այլ եռանդ է ունեցել: Հետն էլ այնպիսի «հմայք» է ունեցել ու մարդկանց համոզելու այնպիսի կարողություն, որ հինգ մարդու՝ երեք կնոջ ու երկու տղամարդու կարողացել է վստահեցնել, թե ինքն իր կապերի ու ծանոթների միջոցով կարող է նրանց բարձր վարձատրվող աշխատանքի տեղավորել ոչ ավել, ոչ պակաս՝ հենց Քուվեյթում: Մարդիկ հավատացել են ու Քուվեյթում, օրինակ՝ շատ բարձր աշխատավարձով ուսուցիչ աշխատելու հույսով Վարդուշին են տվել հազարավոր դոլարներ:

Հինգ տուժողից Վարդուշ Խաչատրյանը խարդախությամբ հափշտակել է ընդհանուրը՝ 9500 դոլար: Մինչ տուժողները պահանջվող գումարները տալուց հետո ճամպրուկային տրամադրության մեջ էին, Վարդուշը նրանց փողերով անհետացել է տեսադաշտից: Իսկ երբ տուժողները հասկացել են, որ խաբվել են ու բողոքել են իրավապահաներին, վերջիններս չեն կարողացել վեց տարի շարունակ հայտնաբերել Երևանում կեղծամներով շրջող փոքրիկ մի կնոջ՝ նախկին երգչուհի Վարդուշ Խաչատրյանին: Նախաքննական մարմինը Վարդուշին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վարդուշ Խաչատրյանը հայտնաբերվելուց ու կալանքի տակ առնվելուց հետո տուժողներին պատճառած վնասները չի հատուցել: Նա իր անունով ոչինչ չունի, ընտանիք էլ չունի՝ ամուսնացած չի եղել:

Նրա դատին ոչ մի հարազատ ներկա չէր: Վարդուշի գործողություններից տուժած հինգ քաղաքացիները պահանջում են իրենց կրած նյութական վնասների հատուցումը, բայց Վարդուշը, փաստորեն, ոչինչ չունի՝ բացի մի շարք հիվանդություններից, կրած ինֆարկտից ու անցյալի վառ հիշողություններից: Վարդուշ Խաչատրյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար, նրա միջնորդությամբ գործը քննվեց արագացված ընթացակարգով: Մեղադրող Տ. Պողոսյանը միջնորդեց Վարդուշ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ու դատապարտել 5 տարի ազատազրկման: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին