▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո՞ղ են հայերն ու քրդերը կործանել Թուրքիան. Regnum

 

Regnum-ի քաղաքական մեկնաբան Ստանիսլավ Տարասովն այսօր անդրադարձել է թուրք նախարարի հայտարարությանը, թե Գյուլենը հեղափոխությամբ փորձում է Թուրքիան բաժանել հայերի և քրդերի միջև:

Մերձավոր Արևելքում հասունանում է սահմանների նոր բաժանում

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին աղմկոտ հայտարարություն է արել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի առնչությամբ: Հասարակական կազմակերպությունների ու ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ «Թուրքիայում հեղաշրջման փորձի նպատակը եղել է երկիրը Հայաստանի ու Քրդստանի միջև բաժանելը»: Նրա խոսքով` «նրանք ցանկանում են իրականություն դարձնել 100 տարի առաջ գծագրված քարտեզը»: Ավելի վաղ, այս տարվա մայիսին, չստացված հեղաշրջումից մի փոքր առաջ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բյուզանդիայի կայսրության մայրաքաղաքի անկման 463-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների ժամանակ հայտարարել էր, որ «շատ երկրներ ցանկանում են թուրքերից վրեժ լուծել 1453 թ. Ստամբուլը (Կոստանդնուպոլիսը) գրավելու համար»: «Սակայն ոչ ոք չի կարող կործանել մեր երկիրը: Ստամբուլը գրավելուց հետո թուրքերը տեղակայվել են Անատոլիայում և Ֆրակիայում և չեն պատրաստվում հեռանալ այդ հողերից»,- ընդգծել է նա:

Նախարար Զեյբեքչիի` հարյուր տարվա վաղեմության քարտեզների ու նախագահ Էրդողանի հայտարարությունները միավորում է մեկ տարեթիվ` 1916 թ. մայիսի 16-ին Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան բարձրաստիճան դիվանագետների մակարդակով նոտաներ են փոխանակել և կնքել Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, որը նախատեսում էր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Օսմանյան կայսրության տարածքի զգալի մասը բաժանել դաշնակիցների միջև: Ֆրանսիացիները պետք է ստանային ժամանակակից Թուրքիայի հարավ-արևելքը, հյուսիսային Իրաքը, Սիրիան և Լիբանանը: Իսկ բրիտանացիները հսկողություն էին ստանալու ժամանակակից Իրաքի հարավային և կենտրոնական շրջանների վրա: Այդ երկու գոտիների միջև ընկած տարածքում (այսօր այստեղ գտնվում են Սիրիայի մի մասը, Հորդանանը, Արևմտյան Իրաքը և Արաբական թերակղզու հյուսիս-արևելյան մասը) ծրագրվում էր ստեղծել Արաբական թագավորություն` բրիտանա-ֆրանսիական հովանավորության ներքո: Համաձայնագրին միացել էր նաև Ռուսաստանը, ում խոստացել էին հանձնել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները:

Հետագայում այդ ծրագրերը ենթարկվել էին փոփոխության, բայց մինչև վերջերս Թուրքիայում դրան վերաբերվում էին որպես ազգային պատմության համար դրամատիկ մի փաստի, ճիշտ այնպես, ինչպես Խորհրդային Միությունում և ժամանակակից Ռուսաստանում այսօր ընկալում են Գերմանիայի բոլշևիկների ու նրա դաշնակիցների միջև 1918 թ. մարտին կնքված Բրեստի պայմանագիրը: Արդյոք արժե՞ր, որ ընդամենը կլոր տարելիցի համար Թուրքիան հիշեր անցյալը, նույնիսկ եթե հիշենք Սայքս-Պիկոյի համաձայնագրի շարունակությունը` 1920 թ. օգոստոսի 10-ին Սևր քաղաքում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբերի, խորվաթների ու սլովենացիների թագավորության (ապագա Հարավսլավիան), Խիջազի, Չեխոսլովակիայի և Հայաստանի` մի կողմից և համաշխարհային պատերազմում պարտություն կրած Օսմանյան կայսրության կառավարության միջև` մյուս կողմից կնքված պայմանագիրը: Այն ինտերնացիոնալացնում էր Ստամբուլն ու Բոսֆորը, անատոլիական տարածքների հատվածներ տալով հույներին, քրդերին, հայերին, ֆրանսիացիներին, անգլիացիներին ու իտալացիներին: Այն ժամանակ Օսմանյան կայսրությունը պաշտոնապես ճանաչել էր Հայաստանը` որպես ինքնիշխան պետություն, ընդ որում, և թուրքերը, և հայերը համաձայնել էին ԱՄՆ նախագահ Վիլսոնին հանձնել սահմանների բաժանումը: 1920 թ. նոյեմբերի 20-ին Վիլսոնն առաջարկել էր հայերին տալ տարածքներ, որոնք մինչ այդ կազմում էին Օսմանյան կայսրության մաս: Խոսքը Վանի, Էրզրումի, Բիթլիսի ու Տրապիզոնի նահանգների զգալի հատվածի մասին էր, որի միջոցով ելք էր ապահովվում դեպի Սև ծով:

Սևրի պայմանագիրը երկար կյանք չունեցավ` Թուրքիայում առաջացնելով միայն «հոգեբանական ախտանիշ», քանի որ հայկական հարցն այդ երկրում «լուծվել» էր դեռ 1914-1915 թվականներին: Ինչ վերաբերում է քրդերին, ապա Բազելի համալսարանի դասախոս իսլամագետ Մաուրուս Ռայնկովսկու կարծիքով, «1920 թ. Սևրի համաձայնագրում միայն լղոզված ձևակերպում կար Արևելյան Անատոլիայում քրդական սուբյեկտի մասին, իսկ Լոզանի` 1923 թ. պայմանագրում քրդերն ընդհանրապես չէին հիշատակվում»: Այնպես որ, այն ժամանակ հայերից ու քրդերից Թուրքիայում մնացել էր միայն պատմական սիմվոլիկան, իսկ Մուսաֆատ Քեմալի ու նրա գաղափարական իրավահաջորդների կառավարման օրոք առաջացել էր կայունության և պետության ամրության պաշար, ինչը շատ կարևոր էր արագ փոփոխվող այնպիսի տուրբուլենտային միջավայրում, ինչպիսին Մերձավոր Արևելքն էր:

Ու ահա, այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն սկսեց հրաժարվել Մուսաֆատ Քեմալի գաղափարական ժառանգությունից, բռնեց, այսպես կոչված, մեղմ իսլամականացման ուղին: Դրանից հետո ամերիկյան փորձագետները Foreign Policy in Focus (FPIF), Federation of American Scientist (FAS), Bipartism Policy Center կազմակերպություններից հանդես եկան «Թուրքիայի շուտափույթ փլուզման» մասին բացահայտ կանխատեսմամբ և հիշեցին Սայքս-Պիկոյի համաձայնագիրը: Նրանց կարծիքով, «գրեթե 100 տարի առաջ Սայքս-Պիկոյի ծրագիրն ապահովում էր տարածաշրջանի կայունությունը, բայց 2003 թ. Իրաք ամերիկյան ներխուժումից հետո ամեն ինչ փոխվել է»: 2003 թ. հետո Իրաքը փաստացի բաժանաված է երեք գոտիների, որոնք գտնվում են համապատասխանաբար շիաների, սուննիների ու քրդերի ազդեցության տակ: Իրաքի ու պոտենցիալ առումով Սիրիայի բաժանումը երեք մասի` շիական, սուննիական ու քրդական, կհանգեցներ առնվազն վեց նոր միկրոպետությունների առաջացման, որոնք միանման կլինեն իրենց էթնիկական ու կրոնական կազմով: Այս առումով Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդգծել է, որ «տարածաշրջանում բոլոր հակամարտությունները իրենց ակունքում հետևանք են հարյուրամյա վաղեմության իրադարձությունների», իսկ «Սայքս-Պիկոյի համաձայնագիրը արհեստական պատնեշներ է ստեղծել մահմեդական ժողովուրդների միջև ու Թուրքիային զրկել տարածաշրջանում ազդեցության բնական գոտուց»:

Բայց ամենահետաքրքիրը նաև այն է, որ Մերձավոր Արևելքում «Սայքս-Պիկոյի արհեստական սահմանների» պահպանման դեմ է հանդես եկել նաև ԻԼԻՊ-ը: Վերջապես, իրենց իրավունքների մասին հայտարարել են թուրք և սիրիացի քրդերը: Այս առումով հասկանալի է դառնում, թե ինչու են ներկայիս քաղաքացիական պատերազմը Սիրայում և ԻԼԻՊ-ի էքսպանսիան դարձել Թուրքիայի ու իսլամական շարժումների համատեղ գործողությունների արդյունք` այդ միության ռազմավարության մեջ նշմարելի է «նոր» պետություններին` Սիրիային ու Իրաքին պատժելու և կործանելու, ինչպես նաև «սեփական» խալիֆայությունը վերականգնելու ձգտում: Այս համատեքստում, ինչպես նշում է Գերմանիայի նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերը, առանձնակի նշանակություն է ձեռք բերում Առաջին համաշխարհային պատերազմի օրերին հայերի ցեղասպանության ճանաչումը: Փաստացի, քրդական խնդիրը Իրաքից հետո պրոյեկտվել է Սիրիայի, իսկ հիմա արդեն Թուրքիայի վրա: Հիմա Անկարան լրջորեն մտահոգված է սիրիական քրդերին ԱՄՆ-ի կողմից տրվող աջակցությամբ, ու ենթադրում է, որ հետագայում Մերձավոր Արևելքում քրդական հարցը կարող է ինչ-որ ձևով կապվել հայկական հարցի հետ, բայց ոչ անպայման ներկայիս Հայաստանի հետ, որ այդ հարցը կարող է կրկին խաղարկվել առաջատար տերությունների կողմից, ընդ որում, ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի դեմ` տարբեր սցենարներով:

Եթե Թուրքիայում առաջանա այսպես կոչված «հայկական օջախ», ինչի մասին արդեն բացահայտ խոսում են շատ թուրք փորձագետներ, ապա կարող է որոշվել հայկական հարցի զարգացման արևմտյան վեկտորը` ռուսականի հետ մասին, որին կողմ է Երևանը: Բայց առայժմ ոչ ոք չգիտի, թե ինչպես և ինչ ձևաչափով տեղի կունենա և արդյոք տեղի կունենա՞ հայկական հարցի «վերակենդանացումը» Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, քանի որ ի տարբերություն քրդերի, հայերը տարածաշրջանում չունեն աշխարհաքաղաքական անհրաժեշտ հզորություն: Ուստի հազիվ թե հիմնավորված է թուրք նախարար Զեյբեքչիի մեղադրանքը ապստամբներին, թե նրանք «պատրաստում էին երկրի բաժանումը Հայաստանի ու Քրդստանի միջև»: Բայց Թուրքիային բերել են մի կետի, մի հարթության, որի վրա կարելի է գործի դնել ցանկացած խաղ: Սայքսն ու Պիկոն բաժանել էին տարածաշրջանը, իսկ մեր օրերում, երբ սահմաններ են կործանվում, կարող է և պետք է ի հայտ գա նոր համաձայնություն: Թե ինչպիսին այն կլինի և ով կկայացնի վերջնական որոշումը, ցույց կտա ժամանակը:


Աղբյուրը՝ nyut.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին