▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կախարդական փայտիկ». Ադրբեջանը դեռ երկար կսպասի իսրայելական ՀՀՊ համակարգերին

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի նախապատրաստական փորձերի և բուն միջոցառման ընթացքում ցուցադրված հայկական ԶՈՒ-ի նորագույն ռազմական ձեռքբերումներն անցած մի քանի օրերին ակնհայտ նյարդային իրավիճակ էին ստեղծել և՛ Ադրբեջանի իշխանությունների, և՛ այդ երկրի բնակչության շրջանում: Բաքվում բարձրացված հիստերիայի գլխավոր պատճառն, անշուշտ, երևանյան զորահանդեսում «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի ցուցադրումն էր:

Ի պատասխան՝ ադրբեջանական կողմը շտապեց մի շարք հակաքայլեր նախաձեռնել՝ հնարավորինս նսեմացնելու նպատակով հայկական սպառազինությունների հնարավորությունները՝ դրանք Հայաստանին չպատկանելու վարկածի շրջանառումից, մինչև ԱՀ ԶՈՒ կողմից տարաբնույթ հակակշիռների տիրապետելու վերաբերյալ տեղեկատվության տարածում:

Նշված տեղեկատվական քայլերից մեկն էլ ադրբեջանական «Հաղղին.ազ» լրատվամիջոցի կողմից Ռուսաստանում Իսրայելի նախկին դեսպան, ներկայում «Եվրոպա-Ասիա» ինստիտուտի տնօրեն Ցվի Մագենի հետ հարցազրույցն էր, որի ընթացքում իսրայելցի նախկին դիվանագետը նշել է, որ Ադրբեջանն ի զորու է պաշտպանելու սեփական տարածքն իսրայելական ժամանակակից սպառազինության՝ մասնավորապես «Կախարդական փայտիկ» («Волшебная палочка») կամ «Դավթի պարսատիկ» (David’s Sling) հակահրթիռային համակարգերի միջոցով:

Պետք է նշել, որ վերոնշյալ ՀՀՊ համակարգերն ընդունակ են որսալու միջին հեռահարության` 70-300կմ հեռավորության վրա(որոշ տվյալների համաձայն՝ 40-200 կմ) բալիստիկ հրթիռներ: Համակարգերը նախատեսված են կիրառվելու Իսրայելի հակահրթիռային պաշտպանության եռաստիճան համակարգում՝ որպես երկրորդ բաղադրիչ, և դրանց գործունեությունն ուղղված է լինելու հատկապես Սիրիայի և Լիբանանի տարածքից հնարավոր հրթիռային սպառնալիքը չեզոքացնելու նպատակին: Իսկ Հրեական պետության եռաստիճան հակահրթիռային պաշտպանության առաջին բաղադրիչը «Երկաթե գմբեթ» (Iron Dome) համակարգն է, որը նախատեսված է փոքր հեռահարության՝ մինչև 70 կմ հրթիռների խոցման համար և բավական բարձր արդյունավետությամբ կիրառվում է Գազայի հատվածից պաղեստինյան տարաբնույթ կառույցների կողմից արձակված հրթիռների դեմ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից նման համակարգերի տիրապետման հնարավորությանն, ապա դրա իրավացիությունը բավական ծանրակշիռ կասկածի տեղիք է տալիս, և ներկայում նման տեղեկատվությունն առավելապես քարոզչական նպատակ է հետապնդում՝ միտված հատկապես ադրբեջանական հանրությանը հանդարտեցնելու նպատակին:

Որպես հիմնավոր փաստարկ՝ վերոնշյալի օգտին կարելի է նշել առնվազն երկու իրողություն: Նախ, ժամանակային գործոնը. «Կախարդական փայտիկ» համակարգերի փորձարկման գործընթացն ամբողջապես ավարտին էր հասցվել միայն 2015թ. տարեվերջին, իսկ գործարկումը, համաձայն իսրայելական մի շարք աղբյուրների, դեռևս վերջնականապես ավարտին չի հասցվել անգամ իսրայելական ՀՀՊ համակարգերում, քանի որ ԶՈՒ-ին դրանց տրամադրումը մեկնարկել է միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակին:

Հաջորդն՝ Իսրայելի օդային տարածքի անվտանգության ապահովման գերխնդիրն է: Պետք է նշել, որ Իսրայելը հազիվ թե շտապի իր ՀՀՊ նորագույն համակարգերի վաճառքի հարցում, քանի որ դրանց նախնական տեխնիկական անհասանելիության հանգամանքն այդ երկրի անվտանգության համար գերխնդիր է՝ հատկապես Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի, նաև Իսրայելին սպառնացող վտանգների պայմաններում: 
Որպես հավաստում՝ կարելի է բերել «Երկաթե գմբեթ» համակարգերի վաճառքի օրինակը. դրանք իսրայելական բանակի կողմից գործարկվել են դեռևս 2011թ., սակայն Իսրայելի ՊՆ անանուն աղբյուրների պնդմամբ, մինչ ընթացիկ տարվա կեսերը վաճառքի որևէ գործարք չի արձանագրվել:

 

Արմեն Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին