▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգում են Կադիրովի բռնի կառավարման մեթոդների հետևանքների մասին

Գրոզնու մզկիթը բազմամարդ է ուրբաթ օրվա աղոթքի համար: Այն կրում է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հոր՝ Ահմադ Կադիրովի անունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նշանակվելուց ի վեր Ռամզան Կադիրովը հաջողությամբ պայքարել է իսլամիստ գրոհայինների դեմ, ովքեր 2004 թվականին սպանել են իր հորը:

Սակայն մարդու իրավունքների ակտիվիստները նշում են, որ Կադիրովի երկաթյա բռունցքի կառավարման մեթոդները, որոնց շարքում է գրոհայինների բարեկամներին հանրայնորեն պատժելը, անթույլատրելի են:

Մարդու իրավունքների պաշտպանության «Մեմորիալ» կենտրոնի խորհրդի նախագահ Օլեգ Օրլովը ասում է. «Իսլամիստ ծայրահեղականների բռնակալության փոխարեն մենք ունենք մեկ այլ բռնակալություն, որը նաև տարածվում է Չեչնիայից դուրս և նույն վտանգն է ներկայացնում Ռուսաստանի համար, ինչպես այն, ինչի դեմ պայքարում է Ռամզան Կադիրովը»:

Կադիրովը հավատարիմ է Պուտինին, իսկ Ռուսաստանի ընդդիմադիրներին նա անվանում է դավաճաններ։ Նա նույնիսկ հրապարակել էր տեսանյութ, որտեղ նրանցից երկուսը վերցված էին նշանառության տակ: Եվ դա այն բանից հետո, երբ Կադիրովի հետ կապ ունեցող չեչենները Կրեմլի պատերի մոտ սպանել էին ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովին:

Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասում է. «Նա Պուտինի եղբայրն է, հավանաբար կրտսեր եղբայրը: Նա կարող է անել ամեն ինչ ոչ միայն Չեչնիայում, այլ ամբողջ Ռուսաստանում»:

Կադիրովը հերքում է իր առնչությունը Նեմցովի սպանության հետ, սակայն հիմնական կասկածյալին կոչում է «Ռուսական իրական հայրենասեր»:

Նրա կողմնակիցները հավաստիացնում են, որ վերջինիս հավատարմությունը Պուտինին ապահովում է ներքին ինքնավարության բարձր աստիճան, հատկապես անկախության համար մղված երկու անհաջող պատերազմներից հետո, իսկ նրա կոշտ կառավարման ոճը պահպանում է խաղաղություն:

Սակայն Կադիրովի այս կարգավիճակը նյարդայնացնում է Մոսկվայի որոշ շրջանակներին: Պաշտոնյաները մտահոգված են, որ հարյուրավոր չեչեններ, ովքեր մեկնել են կռվելու Սիրիա, կարող են վերադառնալ եւ շահարկել այս տրամադրությունները:

Քաղաքացիական օժանդակության խորհրդի նախագահ, իրավապաշտպան Սվետլանա Գանուշկինան ասում է. «Ես գիտեմ, որ շատ գործեր կեղծվել են: Ամեն մի նման դեպք, երբ անմեղ մարդ պատժվում կամ սպանվում է, բերում է գրոհայինների նոր հոսքի, ովքեր գործում են գաղտնի»:

Քննադատների կարծիքով Կադիրովի իսլամի մեկնաբանությունն ու մնացածներին քննադատելը ևս վտանգավոր է:

Իսկ մինչ այդ, Կադիրովի անվան մզկիթում չեչենները շարունակում են իրենց աղոթքը:

 

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին