▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանաքեռում շիզոֆրենիկ տաքսիստը սպանել է կնոջը՝ սիրեկանների տեսիլքների պատճառով

Yelaket.am-ը գրում է.

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվեց 2015 թվականի հուլիսի 4-ին Քանաքեռում Հայկանուշ Ս.-ի սպանության գործով քննությունը:

 ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 119 հոդվածով՝ դիտավորյալ սպանության, ինչպես նաև սպանությունից առաջ պարբերաբար կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու, կնոջը խոշտանգելու մեղադրանքներ էին առաջադրվել Հայկանուշ Ս.-ի ամուսնուն՝ Վահան Կ.-ին: Նախաքննական մարմինը Վահան Կ.-ի նկատմամբ նշանակել էր դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, որի եզրակացությամբ Վահան Կ.-ի մոտ հայտնաբերվել է շիզոֆրենիա, պարանոիդ ձև:

 Համաձայն դատահոգեբուժական փորձաքննության՝ հանցավոր արարքները Վահան Կ.-ն կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ: Այդ ապրումները նրան զրկել են իր գործողությունների համար հաշիվ տալու ունակությունից: Ըստ եզրակացության՝ Վահան Կ.-ն բարձր սոցիալական վտանգավորություն է ներկայացնում: Խորհուրդ է տրվել նրան հարկադիր բուժել հոգեբուժական կլինիկայի հատուկ հսկողության բաժանմունքում: Վահան Կ.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Ընդհանուր իրավասության դատարանը քննեց անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած Վահան Կ.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:

Ըստ գործի տվյալների՝ սպանությունը կատարվել է 2015 թվականի հուլիսի 4-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 45-ի սահմաններում: 41-ամյա Վահան Կ.-ն և Հայկանուշ Ս-ն ամուսիններ էին, ապրում էին Քանաքեռում: Համատեղ ամուսնական կյանքում 2 դուստր ունեն, մեկը չափահաս, մյուսը՝ անչափահաս: Վահան Կ.-ն մինչև կնոջ սպանությունը երբևէ որևէ հոգեբուժարանում բժշկական հետազոտում չի անցել, նույնիսկ հարազատները չեն իմացել, որ նա հոգեկան հիվանդություն ունի, այն էլ՝ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ:

Վահան Կ.-ն մշտապես անհիմն խանդել է կնոջը, խանդի հողի վրա կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել: Ըստ երևույթին հիվանդության սրացման հետ կապված՝ նա առավել ագրեսիվ է դարձել կնոջ սպանությունից մոտ մեկ ամիս առաջ, իսկ սպանությունից երկու շաբաթ առաջ նա համարյա ամեն օր ծեծի է ենթարկել կնոջը: Տուժող կինն աշխատել է կարի ֆաբրիկայում, գործընկերների ու մտերիմների կողմից նա բնութագրվում է որպես աշխատող, խելոք, պարկեշտ կին, ով պարբերաբար ենթարկվելով ամուսնու խոշտանգումներին, լռել է, երբևէ ոստիկանություն չի դիմել:

Ճիշտ է, ասում են՝ ամուսինները մի անգամ դիմում են ներկայացրել զագս՝ ամուսնալուծվելու խնդրով, բայց հետո դիմումը… հետ են վերցրել: Հայկանուշը լուռ հանդուրժել է ընտանեկան բռնությունները ամուսնու կողմից ու, ի վերջո, իր համբերատարության ու հանդուրժողականության պատճառով դեպքի օրը դանակի մի շեշտակի հարվածով սպանվել է իր տան հյուրասենյակում: Ըստ գործի տվյալների՝ Վահան Կ.-ի աչքին ամենուրեք երևացել են կնոջ «սիրեկանները»: Նրա աչքին իրենց տանից փախչող տղամարդիկ են երևացել, ու նա այդ տեսիլքներից առաջացած իր ամբողջ զայրույթը պարպել է կնոջ վրա՝ նրան անընդհատ մեղադրելով իրեն դավաճանելու համար:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին