▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը ուշ կլինի.Լեզվաբանները դիմում են վարչապետին

Հայ լեզվաբաններն ահազանգում են՝ մեզ մոտ բարձիթողի վիճակ է՝ սկսած բառերի արտասանությունից մինչև օտար բառերի գործածություն, և հորդորում են Կառավարությանը՝ ընթացք տալ  Տերմինաբանական կոմիտեի խորհրդի գործունեությանը.

«Այդ խորհուրդը պետք է որոշումներ կայացնի, որոնք պետք է պարտադիր լինեն լեզվակիրառողի՝ հայ մարդու համար: Հայոց լեզվի ամբիոնից 2 տարի առաջ դիմեցինք վարչապետին, եղան հանդիպումներ, հանձնարարականներ տրվեցին, սայլը տեղից գրեթե շարժվում էր, բայց, ցավոք, շաբաթն ուրբաթից շուտ եկավ և այսօր որևէ քայլ չի կատարվում: 4-5 ամիս է ՝ սայլի ոչ մի անիվ չի շարժվում»,-ասաց  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը:

Շարունակելով վերջինին՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր,  բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաքապետոյանը նշեց.

«Այսօր ով ինչ ուզում անում է, որ բառն ինչպես ուզում արտասանում է, դպրոցների համար ով ասես դասագիրք է գրում և հետևող, ուղղորդող մարմին չկա: Եթերում հաղորդավարը «ա»-ով է խոսում: Խոսքը Պետրոս Ղազարյանի մասին է: Իրեն բանաստեղծ համարող Մարինե Պետրոսյան կա, ով ոչ միայն ասում, այլև գրում է: Ասել է Պարույր Սևակի՝ հայոց լեզուն դարձրել են որբի գլուխ ու վրան բոլորը վարսավիրություն են սովորում: Խայտառակություն է:

Ինչ վերաբերում է Լեզվի պետական տեսչությանը, ապա այն  ճանապարհային ոստիկանության նման ակտ գրելով է զբաղված: Այս տեսչության կազմում գիտնականներից, մտավորականներից բաղկացած խորհուրդ պետք է լինի, որպեսզի ամեն մեկն իր ոլորտի տերմինաբանությունը հաստատի, երաշխավորի»:

Պրոֆեսոր, լեզվաբան, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս Լավրենտի Միրզոյանն էլ հիշում է՝ Տերմինաբանական կոմիտեի խորհրդի  վերջին նիստը գումարվել է 2003-2004թթ.

 «1956թ.-ից մինչև 2002 թվականը Հայաստանի կառավարությանն առընթեր գործել է Տերմինաբանական կոմիտե, իսկ դրանից հետո, երբ Լեզվի պետական տեսչությունը ԿԳՆ աշխատակազմ  ընդգրկվեց, կոմիտեն խորհրդատվական մարմնի կարգավիճակ ստացավ, որի որոշումներն այսօր ոչ մի նշանակություն չունեն: Մենք լուրջ խնդիրներ ունենք լեզվական քաղաքականության  հետ կապված, և եթե այսօր չբարձրաձայնենք՝ վաղը ուշ կլինի»,-նկատեց Լավրենտի Միրզոյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին