▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղողագործների չարչարանքները շարունակվում են

Ամեն տարի մթերողներն այգեգործներին մի նոր անակնկալ են մատուցում

Մթերման գներն իջեցվել են, ծավալները՝ կրճատվել, բացատրության չկա

Սարդարապատցի Ալիկ Օզմանյանն այս տարի շուրջ 80 տոննա գործարանային՝ ռկածիտելի տեսակի խաղողի բերքի ակնկալիք ունի, սակայն հույս չունի, որ ամբողջությամբ իր բերքը կկարողանա իրացնել: Նրա խոսքով, 10 տարուց ավելի է, ինչ ստացված բերքը հանձնում է «Արարատ» կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղին: Այս տարի մթերման չափանիշները գործարանը փոխել է:

 

 

 

Նախ իջեցրել է խաղողի գինը 20 դրամով՝ հասցնելով 130 դրամի, միաժամանակ մթերման ծավալները կրճատել է 15 տոկոսով: Օզմանյանին զայրացնում է այն փաստը, որ գործարանը պայմանագրային պարտավորությունների փոփոխություն է կատարել առանց գյուղացու կարծիքը հաշվի առնելու, և գործարանատիրոջը բացարձակ չի հետաքրքրում, թե խաղողագործն ինչպես պետք է իրացնի բերքի ավելացած քանակությունը:

 

 

 

Եթե նախորդ տարիներին փոքր գործարանները, ընդառաջ գնալով գյուղացիական տնտեսություններին, առանց պայմանագրերի մթերումներ էին իրականացնում, ապա վերջին երկու տարիներին առանց պայմանագրի կամ չեն մթերում, կամ դա անում են սահմանված սակագնի 50 տոկոսով:

Խաղողի մթերումը սկսվել է սեպտեմբերի 15-ից

Խաղողի մթերման մեկնարկը տվեց «Արարատ» կոնյակի գործարանը: Ի տարբերություն նախորդ տարիների, մթերման առաջին օրը չվերածվեց հանդիսավոր արարողության: Ներկա չէին ոչ վարչապետը, ոչ գյուղնախարարը և ոչ էլ անգամ գործարանի տնօրենը: Պաշտոնական հատվածն ապահովում էր միայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով նույնպես զարմացած էր իր միայնությունից:

 

 

 

Մի քանի անգամ հետաձգելով խաղողով բեռնված առաջին ավտոմեքենայի մուտքը գործարանի տարածք, հույս ուներ, որ տարածքում, թեկուզ ուշացումով, կհայտնվեն գործարանի ղեկավար մարմնի ներկայացուցիչներ, սակայն հույսը կտրելով՝ ազդարարեց խաղողի մթերման սկիզբը:

 

 

 

Ինչո՞ւ չէին եկել պաշտոնյաները, ինչո՞ւ է խաղողի սակագինը նվազել

Արդեն նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ով այդքան սիրում էր ներկա գտնվել մթերման մեկնարկի հանդիսավոր արարողությանը և լուսանկարվել գործարանի տեսարժան հատվածներում, այս անգամ, ըստ ամենայնի, ոչ ասելիք ուներ, ոչ անելիք,- ասում է մթերման իր հերթին սպասող Մամիկոն Ալեքսանյանը: Կարծում է , որ նախկին գյուղնախարարը խուսափել է գործարան այցելել, որպեսզի ստիպված չլինի պատասխանել խաղողագործների հարցերին. ինչու՞ է նվազել խաղողի սակագինը, ինչու՞ է կրճատվել պայմանագրով նախատեսված խաղողի քանակությունը և, ամենակարևորը, ինչու՞ մինչ օրս չեն վճարվում նախորդ տարվա մթերված խաղողի գումարները:

 

2015 թ.

 

Սարդարապատցի այգեգործ Մամիկոնն ասում է, որ բազմակի է տուժել. նախ կարկուտի պատճառով կորցրել է բերքի 30-40 տոկոսը, ապա Արարատ կոնյակի գործարանը կրճատել է նրա պայմանագրով նախատեսված 80 տոննա խաղողի 15 տոկոսը, այլ գործարաններ նրա հետ պայմանագիր չեն կնքում:

 

 

 

Մամիկոնը անցյալ տարի իր 6 հեկտար խաղողի այգուց ստացել էր 130 տոննա խաղող, 80 տոննան հանձնել էր Արարատ կոնյակի գործարանին, 50-ը Մյասնիկյանում գտնվող Շահնազարյան ՍՊԸ-ին և Պռոշյանի Արմավիրի մասնաճյուղին:

Վերջին երկու կազմակերպությունները Մամիկոնին մինչ օրս չեն վճարել, իսկ այգեգործները այդ կազմակերպություններին խաղողը հանձնել էին, հավատալով Սերգո Կարապետյանի այն խոստմանը, որ 2015 թվ-ին մթերված խաղողի գումարները կստանան ամենաուշը մինչև 2016թ. մարտի 1-ը:

 

 

 

2015 թ-ին Արմավիրում խաղողի մթերումն իրականացնում էր 5 կազամկերպություն, նրանցից միայն երկուսն էին վճարումը կատարում կանխիկով, մյուսները մինչ օրս պարտք են այգեգործներին: Խաղողագործներին պարտքի մասին փաստը հաստատեց նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Արմավիրի մարզպետի համար նույնպես անակնկալ էր մթերման այս տարվա պայմանները: Սակագնի իջեցումը, մարզպետի ենթադրությամբ, կապված պետք է լինի մթերող կազմակերպության ապրանքի լճացման, իսկ ծավալների նվազեցումը՝ ռիսկերը փոքրացնելու հետ:

 

 

 

Համենայն դեպս, մարզպետը հույս հայտնեց, որ կփորձեն մթերող մյուս կազմակերպությունների հետ բանակցություններն արագ ավարտել, որպեսզի նրանք վճարեն նախորդ տարվա պարտքերը, սկսեն այս տարվա մթերումը և առանց պայմանագրի մթերելու դեպքում սակագինը 110 դրամից չիջեցնեն:

Այգեվանում գյուղացիները մտադրվել են քանդել այգիները

Սամվել Սարգսյանը մինչև նախորդ տարի 5 տոննա խաղող է հանձնել գործարանին: Այս տարի գործարանները հրաժարվել են նոր պայմանագիր կնքելուց: Սամվելի հարևանները նույն կարգավիճակում են հայտնվել: Սամվելը որոշել է քանդել խաղողի այգին ու փոխարենը պտղատու այգի հիմնել:

 

 

 

Նրա կարծիքով, խնդիրն արհեստածին է, փորձեր են կատարվում բնագավառում թողնել միայն խոշոր այգետերերին: Ըստ Սամվելի, բնագավառում կմնան Էռնեկյանը [արգենտինահայ գործարար, խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում], երկրորդ նախագահի որդին և էլի մի քանիսը, որոնց խաղողի այգիները չափվում են հարյուրավոր հեկտարներով:

 

 

 

Ալիկ Օզմանյանը, ով 6 հեկտար խաղողի այգի ունի, համամիտ է Սամվելի հետ, քանի որ, բացի ծավալների և սակագնի կրճատումը, միայն փոքր հողատերերից են պահանջում մթերվող խաղողի իդեալական տեսք, որի համար լրացուցիչ ծախսեր են կատարվում:

 

 

 

Այս տարի կարկուտը խաղողի ապրանքային տեսքը վնասել էր, և այգետերերը ստիպված աշխատողներ են վարձել խաղողը մաքրելու համար: Մամիկոն Ալեքսանյանն, օրինակ, այդ նպատակով 1,5 մլն դրամ է ծախսել այս տարի:

 

 

 

Անցյալ տարի Արմավիրի մարզում արտադրվել է 137 հազար տոննա խաղող: Այս տարի ցրտահարության և կարկտահարության պատճառով սպասվում է 105 հազար տոննա բերք:

 

JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին