▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսուլի ազատագրման ռազմագործողության առաջին օրվա արդյունքները խիստ մտահոգիչ են

Նախօրեին մեկնարկած Մոսուլի ազատագրման գործողության վերաբերյալ, թեպետ ռազմական, դիվանագիտական տարբեր շրջանակների կողմից հնչեցվող հայտարարություններում, մեդիադաշտում շրջանառվող տեղեկատվական հոսքերում դեռևս գերակշռում են հիմնականում դրական բնույթի գնահատականներն, այնուամենայնիվ ռազմագործողության ընթացքում արդեն իսկ կարելի է առանձնացնել որոշ կարևոր թերացումներ և մարտավարական ձախողումներ:

Նախ և առաջ, գործողությանը մասնակից իրաքյան բանակի, քրդական «փեշմերգա» և այլ զորամիավորումների, շիայական, ասորական տարաբնույթ խմբավորումների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը գործում է ոչ միայն դասական դիմահար մարտերի եղանակով, իսկ նահանջի ընթացքում զիջելով տարածքներն լայնորեն ականապատված վիճակում, այլև՝ հակառակորդի դեմ ակտիվորեն կիրառում է մահապարտ ահաբեկիչների, ինչպես նաև՝ «ջիհադական-ավտոմեքենաների» մարտավարությունը, որոնց օգնությամբ օպերացիայի անցած մեկ օրվա ընթացքում իրաքյան բանակն արդենիսկ կորցրել է ավելի քան 70 զինծառայող, իսկ քրդական ուժերը՝ 25 զինյալ. միևնույն ժամանակ զգալիորեն դանդաղել է հարձակվող կողմի առաջխաղացումը:

Մեկ այլ տապալված մարտավարական գործողություն՝ ահաբեկչական խմբավորմանն օրերս Մոսուլում հաջողվել է կանխել կառույցի դեմ նախապատրաստվելիք ապստամբության փորձը՝ նրա ղեկավար շրջանակների որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ, որը տեղի էր ունենալու քաղաքի դեմ կառավարական ուժերի գրոհին զուգահեռ. խռովության մասնակից 58 զինյալներ մահապատժի են ենթարկվել:

Վերոնշյալ թերացումներն արձանագրվեցին ընդամենը ռազմագործողության մեկնարկին. ավելի քան 100 զոհ մեկ օրվա ընթացքում: Երևի թե նաև նման կորուստների հնարավորությունը հաշվի առնելով է գործողությանը ներգրավված մասնակիցների թիվը շուրջ 10 անգամ գերազանցում Մոսուլում ԻՊ-ի զինյալների թվաքանակին, որը, տարբեր տվյալների համաձայն, կարող է հասնել 3500-5000-ի:

Ինչ խոսք, որևէ կասկած չկա, որ Մոսուլն ի վերջո ազատագրվելու է, մինչդեռ օրակարգում է 2 կարևոր հարցադրում՝ ի՞նչ ժամանակային սահմաններում և ինչպիսի՞ կորուստների գնով... Դրանց ի պատասխան՝ ռազմագործողության առաջին օրվա ցուցանիշներն այնքան էլ հուսադրող չեն:

 

Արմեն Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին