▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննարկվել են թափառող կենդանիների հետ կապված խնդիրների կարգավորմանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում թափառող կենդանիների, մասնավորապես շների հետ կապված խնդրի կարգավորմանն ու լուծմանն առնչվող հարցեր:

Դավիթ Օհանյանը տեղեկացրել է, որ այս մասով Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրել է ավելի քան 50, այդ թվում ինչպես խոշոր, այնպես էլ բնակչության քանակով ու տարածքով Երևանին նման քաղաքների, նաև տարբեր կազմակերպությունների կողմից թափառող կենդանիների խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային փորձը: Կիրառվող մոտեցումների հիման վրա կազմվել է նաև հաջորդ տարվա ծրագրի փաթեթը, որը ևս ներկայացվել է հանդիպման մասնակիցներին: 
«Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ լսելու ցանկացած առաջարկ և իր լիազորությունների շրջանակում աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը: Այս առումով պետք է ընդգծեմ, որ գնումների գործընթացն այսօր արդեն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն է ընձեռում, որ մրցույթին մասնակցեն նաև միջազգային կազմակերպություններ: Այս հարցում ակնկալում ենք նաև ձեր աջակցությունը՝ գործընթացում միջազգային փորձի ներդրման և ավելի տեսանելի արդյունքներ ունենալու համար, ինչը հնարավորություն կտա լուծելու մեր քաղաքի համար արդիական ու մեր համաքաղաքացիներին անհանգստացնող այս խնդիրը», - ընդգծել է Դավիթ Օհանյանը:
ՀԿ-ների ներկայացուցիչները, արձանագրելով վերջին երկու տարիների ընթացքում այս ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև համատեղ կատարված աշխատանքների դրական տեղաշարժը, ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները: Առաջնահերթ է դիտարկվել, մասնավորապես, կենդանիների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական դաշտի կարգավորման հարցը: Թափառող շների խնդրի մասով էլ առաջարկվել է Երևանի քաղաքապետի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքների հիման վրա տանել համագործակցության՝ արդեն կոնկրետ առաջարկներով համատեղ աշխատանքներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թափառող շների ստերջացման ու վնասազերծման վերաբերյալ հարցեր:
Կարևորելով համալիր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն ու միջազգային փորձի տեղայնացումը՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում քննարկել միջազգային կառույցների ներգրավման հնարավորությունները և համատեղ մշակել աշխատանքների իրագործման ծրագիր:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին