▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն իրեն պահում է հանցագործի պես. Դավիթ Բաբայանը՝ հակառակորդի դիվերսիոն փորձի մասին

Lurer.com-ը հարցազրույց ունի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Պարոն Բաբայան, երկար դադարից հետո հակառակորդը կրկին դիվերսիոն ներթափանցման փորձեր է կատարել սահմանի տարբեր ուղղություններով: Սա ևս մեկ անգամ չի՞ ապացուցում, որ Ադրբեջանն արհամարհում է բոլոր տեսակի պայմանավորվածությունները:

-Երբ վերլուծում ենք Ադրբեջանի քաղաքականությունը, այն որևէ տրամաբանության չի ենթարկվում: Նորմալ պետության քաղաքականության ներքո դիտարկել աննորմալ պետությունների քայլերը, չի ստացվում: Այդ երկիրը ֆաշիստական է, նացիստական, ահաբեկչական և իրեն պահում է հանցագործի պես: Իսկ հանցագործի գործողությունների մեջ տրամաբանություն չկա, կա պարզապես չար նպատակ: Դրա համար որևէ կոնկրետ իրադարձության հետ դիվերսիոն այս փորձերը կապված չեն, դա Ադրբեջանի էությունն է: Իսկական, ոտքից գլուխ հանցագործը բանտից դուրս է գալիս՝ ի՞նչ պետք է անի. անպայման մի հանցագործություն պետք է անի: Եթե առժամանակ հանցագործություն չի կատարում, ուրեմն դա այն պատճառով չէ, որ ինքը վերանայել է իր պահվածքը, այլ՝ պարզապես ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չի կատարում, բայց միևնույն է՝ հանցագործությունը կատարելու է: Հիմա, նույնը Ադրբեջանն է այս իրավիճակում:

-Սրանով հակառակորդը ևս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններն իր կողմից մտել են փակուղի և ձախողվե՞լ են:

-Ոչ, այդպես չի կարելի ասել: Պարզապես ահաբեկչական պետությունն այդպես էլ պետք է վարվի: Ադրբեջանը չի կարող դուրս գալ բանակցային գործընթացից: Այդ ռեսուրսը չունի: Ինչու՞ պետք է հենց այնպես դուրս գա: Բայց սա իր պահելաոճն է և նա շարունակելու է այս քաղաքականությունը և մենք չպետք է ահաբեկվենք դրանից, այլ՝ ուժգին հակահարված տանք ու ինչ որ պետք է՝ կատարենք:

-Պարոն Բաբայան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի փոփոխությունը որևէ կերպ կարո՞ղ է ազդել բանակցային գործընթացի վրա: Ինչ-որ փոփոխություն սպասել նոր համանախագահից՝ կարո՞ղ ենք, թե՞ դեռ վաղ է:

-Սա Ֆրանսիայում ընդունված կարգ է: Ֆրանսիացիները ավելի հաճախակի են փոխում համանախագահներին: Երևի միակ բացառությունը Բեռնար Ֆասիեն է եղել, ով ավելի երկար մնաց: Նրանք 2 տարին մեկ, կամ միգուցե 3 տարին մեկ փոխում են համանախագահներին: Մենք չենք կարծում, որ սա Ֆրանսիայի քաղաքականության մեջ որևէ արմատական փոփոխություն կմտցնի: Իրենք են որոշում՝ ինչ դիվանգետ և ինչ ժամկետներում ներկայացնեն եռանախագահության այս ձևաչափում: Նախորդ համանախագահ Պիեռ Անդրիոն աշխատել է և իրենից կախված ամեն ինչ արել է, որպես ազնիվ դիվանագետ և քաղաքացի աշխատել է: Նույնը ակնկալում ենք նոր համանախագահից: Կասկած չունենք, որ նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտին ևս բարձր կարգի դիվանագետ է, մանավանդ որ՝ ծանոթացել ենք իր կենսագրությանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին