▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ոք չքնեց ու չլքեց դահլիճը.Հռոմեական դրաման՝ Օպերայի բեմում.Պրեմիերա

Հոկտեմբերի 22-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  տեղի ունեցավ իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան, որը նվիրվում է աշխարհահռչակ  օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Նաիրե Ստեփանյանը,բեմադրող դիրիժորը՝ Ջանլուկա Մարչիանոն/Իտալիա/, բեմադրող նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը/ՀՀ վաստ. նկարիչ/: Բեմադրման աշխատանքներին մասնակցում է նաև հրավիրյալ թատերական լուսային ռեժիսոր Ալեքսանդր Սիվաևը/Ռուսաստան/:

«Այս նախագիծը Գեղամ Գրիգորյանի մտահղացումն էր: Երբ եկավ թատրոն՝ առաջնահերթ նպատակներից էր բեմադրել «Տոսկա» օպերան: Ցավալի է, որ այժմ նա չկա, բայց մենք աշխատակիցներով պարտք ենք համարում իրականացնել այդ երազանքը»,-ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:

Ներկայացման բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանն էլ հավելեց, որ օպերան բեմադրված է արդիական, դինամիկ ու գունեղ:

Նաիրեի խոսքը գործ էր դարձել: Մոտ 3 ժամ հանդիսատեսը լարված հետևեց, չքնեց ու չլքեց դահլիճը:

«Սա բոլորիս հաջողությունն է»,-հիացմունքով ասում էր հանդիսատեսը:

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, բեմադրության հերթական ներկայացումն է,  բայց  այլ դերակատարներով:

Նշենք, որ Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան հանդիսանում է աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկը: Իտալերեն լիբրետոն՝ Լ. Իլլիկայի և Ջ. Ջակոզայի, ըստ՝ Վ. Սարդուի մելոդրամայի: Օպերայի առաջնախաղը կայացել է 1900 թ. հունվարի 14-ին Հռոմում: «Տոսկա» օպերան ավելի քան մեկ դար է ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում՝ մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: «Տոսկան» մեծ խանդավառությամբ ընդունվեց հատկապես Իտալիայում և ինչպես Պուչինին էր ակնկալում՝ հանդիսատեսը մեծապես սիրեց իր նոր ստեղծագործությունը: «Տոսկա» օպերան Վ. Սարդուն անվանեց հռոմեական դրամա՝ խնդիր դնելով կոմպոզիտորի առջև լավագույն կերպով ներկայացնել այն ամենն, ինչ կարտացոլեր հռոմեականը:

Անի Կարապետյան

Լուսանկարը՝ Տիգրան Առաքելյանի

Օպերայից բացառիկ հատված՝ ստորև

Գլխավոր դերերում

Տոսկա՝ Սիրանուշ Գասպարյան, Լիլիթ Սողոմոնյան,Աննա Այվազյան:

Կավարադոսի՝ Հովհաննես Այվազյան, Սարգիս Աղամալյան /ՀՀ վաստ. արտիստ/:

Սկարպիա՝ Գևորգ Հակոբյան /ՀՀ վաստ. արտիստ/, Դավիթ Բաբայանց, Գեորգի Առաքելով:

Սագրեստանո՝ Հայկ Տիգրանյան, Կիմ Սարգսյան:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին