▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 23-ամյա երիտասարդը դաժանաբար սպանել է սիրուհու ընկերուհուն

1in.am-ը գրում է.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Ռոբերտը մեղադրվում է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչև 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ Մալյան նրբանցքի շենքերից մեկում վիճաբանել է այդ շենքի բնակչուհի Ա. -ի հետ:

Վիճաբանության ընթացքում նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տանտիրուհու դեմքին, կրծքին ու մարմնի այլ մասերին: Վնասվածքների պատճառով առաջացել է արյան սուր կորուստ, ինչի արդյունքում Ա. -ն մահացել է:

Դրանից հետո Ռոբերտը, ըստ մեղադրանքի, տիրացել է բնակարանում եղած 80 հազար դրամ կանխիկ գումարին ու 5 կտոր ոսկե զարդերին և դիմել է փախուստի:

Տուժող Ա. -ն եղել է Ռոբերտի սիրուհու՝ Մարինեի (անունը փոխված է) ընկերուհին: Մարինեն Ռոբերտից տարիքով բավական մեծ է եղել, ինչպես որոշ վկաներ են ասել՝ եղել է նրա մոր տարիքին:

Ըստ մեղադրանքի՝ տուժողի մարմնին հասցվել է դանակի 19 հարված… Հանցագործությունից հետո Ռոբերտը դիմել է փախուստի, մոտ չորս ամիս բացակայել է հանրապետությունից: Հետո վերադարձել է…

Ամբաստանյալ Ռոբերտ Հ.-ն և նրա շահերի պաշտպան Սարգիս Ասլանյանը համաձայն չեն առաջադրված մեղադրանքին, այդ մեղադրանքով Ռոբերտն իրեն մեղավոր չի ճանաչում:

Նախապես գործը հարուցվել էր պարզապես դիտավորյալ սպանության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, սակայն հետո մեղադրանքը խստացվել, դարձվել է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Պաշտպանական կողմի դիրքորոշումն այն է, որ Ռոբերտի կատարածը սպանություն է՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Գործի նախաքննության ընթացքում երկու անգամ դատահոգեբանական փորձաքննություն է անցկացվել:

Առաջին փորձաքննության եզրակացությամբ՝ հանցագործությունը կատարելու պահին Ռոբերտ Հ.-ն եղել է աֆեկտի վիճակում:

Կրկնակի դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռոբերտ Հ.-ն հանցանքը կատարելու պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել:

Այս անորոշ վիճակը պարզեցնելու նպատակով՝ ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին նշանակել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննություն:

Ավաղ, այս անգամ ևս հստակ պատասխան չի տրվել դեպքի պահին Ռոբերտ Հ.-ի հոգեվիճակի վերաբերյալ հարցին, քանի որ դատահոգեբանական երկու փորձագետներից մեկը՝ Զարուհի Փերիխանյանը, եզրակացրել է, որ Ռոբերտը հանցանքը կատարելու պահին ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի գտնվել, իսկ մյուս փորձագետը՝ Վերժինե Տեր-Գասպարյանը, եզրակացրել է, որ Ռոբերտը գտնվե՛լ է կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին