▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կապիշոնով» կասկածելի դեմքով տատիկներ Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով

 

armtimes.com-գրում է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերոջ սպանության գործով հերթական դատական նիստը:

Դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակեց ուսումնասիրել դեպքի օրը գործով երեք ամբաստանյալի շարժը «արձանագրած» տեսագրությունները: Խոսքը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանում գտնվող տարբեր օբյեկտներից առգրավված տեսախցիկների արձանագրություններին: Դրանք հետազոտվեցին դատական նիստերի քարտուղարուհու համակարգչով: Գործով ամբաստանյալներին տեսագրություններում ոչ միայն «չհայտնաբերեց» պաշտպանական կողմը, այլ նաեւ գործով մեղադրող դատախազները:

Մասնավորապես, զննության արձանագրություններն ուսումնասիրելիս դատախազը նախ նշում էր, թե որ տեսանյութի որ րոպեում են երեւում երեք անձը եւ նրանց տեղափոխած տաքսի ավտոմեքենան, սակայն դատարանում հրապարակված տեսանյութերից որեւէ բան հասկանալի չէր: Մեկ ժամից ավելի տեւած զննությամբ` որեւէ դրվագում չերեւացին երեք «կապիշոնով» երիտասարդը, առավել եւս` ամբաստանյալներ Գաստիկը, Ծըգլը եւ Տլեն: Այսինքն՝ քննիչն արձանագրության մեջ նշել էր, որ, ասենք, տվյալ տեսանյութում այսինչ ժամին, այսինչ րոպեին երեք անձ մոտենում են ցայտաղբյուրին, այդ երեք անձը Գաստիկը, Ծգըլն ու Տլեն են:

Բայց տեսանյութի դիտման ընթացքում քննիչի նշած ժամին ու րոպեին երեք անձը ցայտաղբյուրին չեն մոտենում: Անցուդարձ անողները շատ են, բայց ցայտաղբյուրին մոտեցողներ՝ ոչ: Այս կապակցությամբ ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց արձանագրել, որ զննության արձանագրությունն իրականությանը չի համապատասխանում: ««Կապիշոնով» կասկածելի դեմքով տատիկներ անցան»,- զննության աձանագրությունն ուսումնասիրելիս կատակում էր պաշտպանական կողմը:

Տեսանյութերի ուսումնասիրությունը նյարդայնացնում էր գործով ամբաստանյալներին եւ դահլիճում ներկա գտնվող անձանց, քանի որ դրանցում գործին վերաբերող որեւէ հանգամանք, ըստ էության, ի հայտ չեկավ: Այս կապակցությամբ նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատողություն արեց ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանին՝ Ծըգլին, ասելով. «Ինչո՞ւ եք շտապում, ինչի՞ց եք ուշանում, մեկ է ՝ գնալու եք, խցում նստեք, հեն ա` էստեղ նստած եք, գոնե դատարանում օդը մաքուր է»: Ինչին ի պատասխան Ծըգլն արձագանքեց. «Սենց բաներ տեսնում՝ ներվայնանում եմ: Նստած նայում ենք, թե ով ինչ առեւտուր արեց», իսկ Գաստիկն էլ ասաց. «Ձեզ հարգում եմ (նկատի ունի դատավորին,-հեղ.), դրա համար եմ եկել, թե չէ՝ չէի գա»: Դատարանում իր վրդովմունքն արտահայտեց նաեւ Գաստիկի քեռին եւ դուրս եկավ դատարանի դահլիճից, ինչից հետո դատավորը հորդորեց նիստերին նյարդայնացող անձանց՝ չգալ դատերին: «Ինձնից շատ, հաստատ, ոչ մեկ չի ներվայնանում»,- նշեց նա:

Տեսագրություններ կային, որոնց տեւողությունն ավելի քան մեկ ժամ էր եւ քննիչը չէր նշել, թե որ րոպեին է արձանագրվել երեք ամբաստանյալների շարժը: Սա պատճառ դարձավ, որ մեղադրող դատախազ Արամյանը եւս մեկ անգամ միջնորդի հետաձգել նիստը, որպեսզի մեղադրանքի կողմը դիտի հետազոտելի տեսանյութերը, համեմատի քննիչի կազմած զննության արձանագրության հետ: Այս միջնորդությանն ի պատասխան ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց չհետաձգել դատական նիստը, ապա դժգոհեց.

«Նախ եւ առաջ հիշեցնեմ, որ մեղադրող դատախազը պետք է հսկողություն իրականացներ գործի նկատմամբ, ավելին մեղադրանքը պաշտպանելիս պետք է ծանոթ լիներ ապացույցներին: Արդեն երրորդ դատական նիստն ենք հետաձգում այն պատճառով, որ մեղադրողները պետք է տեսանյութերի րոպեները բերեն, մեզ ցույց տան, թե ինչ է կատարվում: Ամեն դատական նիստին գալիս ենք, բացում ենք տեսանյութը, պարզվում է՝ մի բան էն չի, ու նիստը հետաձգում ենք: Հիմա ի՞նչն է խնդիրը՝ ֆայլերը կան, րոպեները նշված են, նայենք՝ քննիչի արձանագրած երեք անձը տվյալ րոպեին անցնո՞ւմ են, թե՞ չեն անցնում, զննության արձանագրությունը տեսանյութին համապատասխանո՞ւմ է, թե՞ չէ: Նիստերի անընդհատ հետաձգելն ինչի՞ համար է: Եթե ֆայլի մեջ րոպե գրված չլիներ, մեղադրողի միջնորդությունը տրամաբանական կլիներ, բայց եթե տեսնում ենք, որ զննության արձանագրությունն իրականությանը չի համապատասխանում՝ մեղադրողն ումի՞ց՝ ի՞նչ է պարզելու:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին