▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային այս ավիափոխադրողը Հայաստանում մատուցում է նույն որակի ծառայություն, ինչպիսին՝ «մարշրուտկով» փոխադրողը

Արմեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Միջազգային ավիափոխադրող, որ Հայաստանում մատուցում է նույն որակի ծառայություն, ինչպիսին մատուցում է «մարշրուտկով» փոխադրողը․․․
Վստահ եմ գոնե մեկ անգամ ձեզ հետ պատահել է կամ ականատես եք եղել, որ առավոտյան հանրային տրանսպորտով, օրինակ՝ մարշրուտկով աշխատանքի գնալիս 1000 դրամանոց եք մեկնել վարորդին, վարորդը վրդովված գումարը հետ է շպրտել, թե․ «ինչա, առավոտ գիշերով բոլորդ հազարանոց եք դեմ տալիս։ Տնից դուրս եք գալիս մոտներդ մանր պահեք»․․․
Ուղևորության պետք է մեկնենք։ Տոմսերը գնելիս ծանր ու թեթև եմ անում՝ ո՞ր ավիափոխադրողից օգտվեմ։ Դե, այլընտրանքը ԱԷՐՈՖԼՈՏՆ է։ Բայց Շերեմետյեվոյի օդակայանի ծառայություն մատուցողներին հերթական անգամ չհանդիպելու ակնկալիքով, որոշում եմ օգտվել Լեհական ավիաընկերության ծառայություններից։ Մտածում եմ, դե Եվրոպական երկրի բիզնես է, ազգային փոխադրող, հիմնվել է 1929թ։ Պատկերացնում եք չէ՞, ի՜նչ պատմություն, ի՜նչ որակ, ի՜նչ մշակված ընթացակարգեր, բացի այդ համեմատաբար էժան գին է առաջարկում․․․։ 
Գալիս է թռչելու օրը։ Ուղեբեռը սահմանվածից մեկ կտոր ավելի է։ Մոտենում ենք գրանցման սեղանին, անմիջապես կշռում են, տոմսերը դուրս գրում և տեղեկացնում, որ լրացուցիչ ուղեբեռի համար պետք է վճարեմ 41600 դրամ․ «Հիմա Դավիթի հետ կբարձրանաք վերև կվճարեք»։ Դավիթն ուղեկցում է երկրորդ հարկ, ճանապարհին տեղեկացնում է, որ պետք է վճարեմ դրամով։ Հարցնում եմ, իսկ քարտով կարո՞ղ եմ վճարել, պատասխանում է ոչ, միայն կանխիկ։ Բարձրանում ենք գրասենյակ։
Ինչ-որ անհասկանալի ձևաթղթի վրա լրացնում է ուղևորի տվյալները, ուղղությունը, վրան գրում գումարը դնում ավիաընկերության շտամպը և ձևաթղթի կրկնօրինակներից մեկը մեկնում ինձ․ «41600 դրամ»։ Դե ինչ պիտի անեմ, պայուսակիցս հանում եմ 45000 դրամ, մեկնում Դավիթին․
- Ես ձեզ չասեցի՞, որ պետք է կանխիկով վճարեք, սդաչի չունեմ։
- Ես էլ չունեմ մանր, հարգելիս, - պատասխանում եմ, հույսով՝ մի բան կձեռնարկի։
- Իջեք ներքևում բանկ կա, մանրեք եկեք։
Ֆազերս գցեց։
-Այ ընգեր, այ համաքաղաքացի, այ միջազգային բիզնեցի ներկայացուցիչ, ես քեզանից ծառայությունում եմ գնում, (ինչը մարշրուտկով փոխադրումից շուրջ 1500 անգամ թանկ է։ Դրան գումարած՝ 41,6 անգամ թանկ էլ վճարում եմ լրացուցիչ ուղեբեռի համար) բարի եղի էնպես մատուցես ծառայությունը, որ հաճախորդդ գոհ մնա։ Էս գիշերվա երեքին ես 1600 դրամ որտեղի՞ց ճարեմ, կամ ինչի՞ պիտի ընկնեմ ամբողջ տերմինալով բանկ մանգամ։ Էն էլ հարց է բանկը կմանրի, թե ոչ։ Բարի եղեք այդ դեպքում ընդունեք քարտով։
Դավիթը մեկնում է ինձ «կասայի» դարակը, որ տեսնեմ, որ մանր չունի ու հպարտորեն հայտարարում է, որ քարտով չի կարող ստանալ գումարը․ «տերմինալը չի աշխատում»։
- Քարտով եք ուզում վճարել, իջեք ներքևում բանկոմատներ կան հանեք բերեք։
Ասում եմ․
-Այ հարգելիս, այ համաքաղաքացի, այ միջազգային բիզնեցի ներկայացուցիչ, ախր խի պիտի ես ընկնեմ էստեղ-էնտեղ, բարի եղի մոտդ մանր ունեցի, գիտես, որ մարդկանց ծառայություն ես մատուցում, ինչ-որ անհասկանալի տարիֆով ու արտարժույթի փոխանակման անհասկանալի կուրսով ծառայության գին ես հաշվում ու պահանջում վճարել։ Դա նույնն է, որ գնամ խանութ, վաճառողն ասի, թե մանր չունեմ, գնա մանր բեր։ 
Պատասխանում է, թե դուք պարտավոր եք ինձ վճարել 41600 դրամ և վերջ։
Ասում եմ լավ, կհրավիրե՞ք ընկերության ներկայացուցչին։ Էլի նույն հպարտությամբ պատասխանում է, որ ներկայացուցիչը հենց ինքն է։ Ներկայացավ, կարծես՝ Դավիթ Նազարյան։ Պահանջեցի, որ քարտ տա, որ չմոռանամ անունը ու մի նամակ գրեմ Լեհական ավիաընկերության պատասխանատուներին, որ բացատրեն, թե էս իրենց ինստրուկցիաներով է՞ աշխատակիցը հաճախորդին սովորեցնում ծառայությունը գնելու պարտավորությունները, թե դա ինքնագործունեություն է: Այդպես էլ քարտ չտվեց։ 
Եվ ոչ միայն․․․ Ճարեցի մանրը, վճարեցի։ Դավիթը մեկնեց անհասկանալի ձևաթուղթը։ Գուցե կարգն էդպես է։ Խիստ կասկածում եմ։ Չտվեց, ոչ հաշվարկ, ոչ դրամարկղի կտրոն։
Շնորհակալություն ասեցի, իջա․․․
Հիմա ասելիքս ինչ է։ Եղբայր բիզնեսը, որ իրեն հայտարարել է ծառայություն մատուցող, իմիջիայլոց, ոչ ոք չի պատվիրակել, չի համոզել, չի պարտադրել, ինքը իր սեփական կամքով մտել է այս ծանր բեռի տակ ու վստահ եմ վատ շահույթ չունի։ Ուրեմն էս քեզ բիզնես, էն էլ միջազգային, որ սա չի կարողանում ծառայի հաճախորդին, էլ ո՞նց ենք պատկերացնում ու պահանջում, որ պետական ծառայողը իր խղճուկ աշխատավարձով ծառայի։ Բայց արի ու տես, որ պահանջում ենք, նրանք պետական ծառայողներ են․․․։
Ու, կրկին, արի ու տես, որ բավականին առաջընթաց էլ կա։ Նկատե՞լ եք, օրինակ, ճանապարհային ոստիկանները, օրվա ծանրաբեռնված ժամերին ինչպես են անցկացնում ծառայությունը փողոցում, ցրտին, անձրևին․․․։

Ու, խցանումների մեջ հայտնված վարորդների վրդովմունքին ու անհամբերությանը պատասխանում կոռեկտ, օրենքով սահմանված իրենց լիազորությունների սահմաններում։
Ավիաընկերության ներկայացուցիչ երիտասարդն էլ կոպիտ չէր, բայց այնուամենայնիվ վստահ էր ու համոզված՝ որպեսզի ինքը ծառայությունը կարողանա մատուցի, նախ հաճախորդը պարտավոր է ծառայություններ մատուցի իրեն ու շրջապատում գործող մյուս բիզնեսներին։ Տո, ոչ միայն գումար, այլ թեյ էլ կտամ, մենակ ամեն մեկն իր տեղը, առաքելությունը և պարտականությունները ճանաչի։ 
Վաղը մի հատ նամակ գրեմ LOT Polish Airlines․․․
ՀՀ կառավարություն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին