▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սովետը մեռավ… Կեցցե սովետը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այսօրվա մեր իրականությունը չափազանց բարդ ու հուսահատեցնող է: Սովետական հասարակության համար որպես կեցության առանցք էին հայտարարված, կրկնում եմ, միայն ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ, գաղափարներ, որոնք չափազանց մոտ էին Մարդ սակրալ էությանը, որոնք մարդու առաքինության և բարոյականության, մարդկային անանձնական սիրո և մաքրության, ազնվության, արժանապատվության, ճշմարտության և այլ, մարդուն չափազանց հարազատ, նրա կողմից ընդունելի հավերժ գաղափարներ էին: Սովետն, ինչ խոսք, չափազանց վատ բաներ է արել առաջին հերթին իր իսկ ժողովրդի նկատմամբ, սակայն նա երբեք վատ բան չի սովորեցրել: Մանկապարտեզներից սկսած` մարդկանց քարոզել է վերը թվարկված գաղափարները, ավելին՝ ցանկացողներին «թույլ է տվել» ապրել այդ երանելի, մարդ մարդուն վայել արժեքային համակարգում: Ինչ խոսք, մարդկանց հենց ա՛յդ մասն էր, որ սոցիալական առավել վատ վիճակում էր գտնվում, քանզի «լավ ապրելու» համար չգրված` «ես՝ քեզ, դու՝ ինձ», օրենքներով չէր կարողանում ապրել, շարժվում էր միայն իր ներսում եղած և իրեն մարդ պահող, ինքն իր խղճի հետ համերաշխ ապրող ճշմարիտ արժեքային համակարգի օրենքներով: Այս մարդիկ մեծամասնություն էին, և սովետը քանդողները հենց նրանց օգտագործեցին այդ նպատակի համար՝ խոստանալով «պերեստրոյկայի»

միջոցով փոխել սովետը և նրանց ապրեցնել իրենց երազանքների, իրենց կրած արժեքային համակարգին համապատասխանող երկրում… Սկսված փոփոխությունները, որքան էլ տարօրինակ թվա, մարդկանց էլ ավելի հեռացրին նրանց պատկերացումներից, քանզի այս տարիների ընթացքում ամեն բան` կրթական համակարգը, պատմության վերանայված և «շտկված» շարադրանքը, մասսայական մշակույթը, ֆինանսական և տնտեսական փոխհարաբերությունները, ինֆորմացիայի միջոցները, մարդկանց քաղաքական գործունեության ուղղվածությունները և այլն, ծառայեցվեցին և այժմ էլ ծառայում են մեկ միասնական և կարևորագույն նպատակի` մարդուն վերածել մի ցանկասեր, միայն սպառելու մասին մտածող առանձնյակի, որը, միաժամանակ զրկված լինելով ինքնուրույն որևէ որոշում ընդունելու կարողությունից, իր կյանքը կդիտի որպես մի հաճելի ատրակցիոն, որպես միայն զվարճանքներով ու ուրախություններով հագեցած մի ընթացք, որտեղ բոլոր իրական իդեալները` սերը, բարոյականությունը, առաքինությունը, բարին, ճշմարտությունը, ընկերությունը, փոխօգնությունը և ճշմարիտ մարդու էությունից բխող այլ արժեքները կա՛մ գոյություն չունեն, կա՛մ մարդկության առաջընթացը խոչնդոտող հետամնացության արտահայտություններ են: Մարդը մտցվեց մի մատրիցայի մեջ, որտեղ բոլոր մարդկային իդեալներն ու երազանքները ջնջված կամ երկրորդայնացված են: Փաստորեն, այն մարդն այսօր այլևս գոյություն չունի, և այն երազանքներն էլ գոյություն չունեն…
Եվ եթե մի փոքր պատկերավոր նկարագրենք այս ընթացքը, ապա կստանանք հետևյալը.

Հետխորհրդային այս տարիները մեզանում ընթացան վիշապին սպանելու մասին հայտնի առասպելաբանական սցենարով: Մենք աներևակայելի դյուրին ազատվեցինք մարդկանց զզվեցրած վիշապից` Խորհրդային Միությունից: Նրան հաղթելը չափազանց հեշտ տրվեց, որովհետև մարդիկ վիշապի պահվածքին հակառակ գաղափարների շուջն էին համախմբված, և չար վիշապն էլ իրենցից դուրս էր, օտար էր, արդեն ծեր ու տկար էր, անգամ խղճմտանքի էր արժանի, քանզի մարդկանց սովորեցրել և ցանկացողներին նաև թույլ էր տվել չզինվորագրվել իրեն, ներքուստ բարի, առաքինի և ճշմարիտ մարդ մնալ: Եվ նրան հաղթելու համար պարզվեց՝ ոչինչ անել հարկավոր չէր, ընդամենը անհրաժեշտ էր բոլորով միասին արտասանել ուխտադրյալ «մենք լքում ենք քեզ» խոսքերը և վերջ: Սակայն դրանից հետո մեր իդեալները վերականգնելու և դրանց համապատասխան կյանքով մեզ բոլորիս ապրեցնելու փոխարեն /ինչի համար որ սպանել էինք վիշապին/ մեր առաջնորդները մեզ տարան բոլորովին այլ ուղով… Մեր մարմնավոր կարիքները մենք համարեցինք առաջնային, դրանց բավարարումը դարձրինք գերագույն նպատակ և ինքներս էլ չզգացինք, թե ինչպես աննկատ ամեն մեկիս ներսն է սողոսկում մեր կողմից պարտության մատնված վիշապից ավելի զորավոր մի գիշատիչ գազան, իրական մի հրեշ, որը մարդու մեջ սպանում է ամեն մարդկայինը՝ մարդուն վերածելով միայն նյութի աշխարհով ապրող ցանկասեր անասունի… Այս հրեշին այսօր հաղթելը գրեթե անհնար է, քանզի նա մեր էության մասն է դարձել, մեզ հետ նույնացել է, մեզնից անբաժան է ու անխզելի…
Մտածենք այս մասին:

Արտաշես Փափազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին