▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եպիսկոպոս» պայմանական անվանումով Այվազովսկու նկարը կմնա Հայաստանում. Այն Պոլսո Պատրիարքարանից կորած նկարը չէ

Երևանում հայտնաբերված «Եպիսկոպոս» պայմանական անվանմամբ նկարը, որը 19-րդ դարի հայազգի հանճարեղ նկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերից է, կմնա Հայաստանում:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ «Եպիսկոպոս» պայմանական անվանումով նկարը Այվազովսկու գործերից է և ոչ թե Արամ Խաչատուրյանինը, ինչպես կարծում էր Պոլսո Պատրիարքարանը։

Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերի 10-ին Պոլսո Հայոց Պատրիարքարանից հաղորդում էր ստացվել, որ 2005 թվականին Ն.Ս.Տ Մեսրոպ Բ. Պատրիարքը նույն ոճով այլ նկար պատրաստելու համար մի անծանոթ անձի հանձնել է Պատրիարքարանի հավաքածուում գտնվող Արամ Խաչատուրյանի կողմից 1903 թվականի հոկտեմբերի 20-ին նկարված Եպիսկոպոսի յուղաներկ նկարը, որն այլևս չի վերադարձվել պատրիարքարան: Երեւանում մի մարդու մոտ տեսել են նման նկար եւ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը բողոքել էր, թե դա հենց իրենց նկարն է ու սեփականատիրոջից պահանջել էր այն հանձնել Պատրարքարանին։ Սեփականատերը հրաժարվել էր՝ ասելով, որ այն իրականում Այվազովսկի է, որն ինքը գնել է ու հրաժարվել նվիրել, այլ կարող է միայն վաճառել։

Պատրիարքարանը բողոք էր ներկայացրել քաղաքացու դեմ, եւ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Սակայն 2 տարուց ավելի տևած գործի քննության ընթացքում հաստատվել և հիմնավորվել է, որ Երևանում հայտնաբերված «Եպիսկոպոս» պայմանական անվանմամբ նկարը Հովհաննես Այվազովսկու գործերից է և այն, որ 2005թ. Պոլսո Պատրիարքարանից անհետացած նկարը Արամ Խաչատուրյանի հեղինակած նկարն է, չի հաստատվել:

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ըստ փորձագիտական եզրակացության՝ «Եպիսկոպոս» պայմանական անվամբ նկարը բնօրինակ է, ստեղծվել է 19-րդ դարի վերջերում։

«Փորձագետները հայտնել են, որ Գեղանկարի ներկանյութերի փորձանմուշներում ֆտալոցիանինի բացակայությունը նշանակում է, որ հետազոտվող ներկանյութերը պատրաստված են մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը, իսկ գեղանկարի կտավի հենքի և թեզանի կազմի մեջ բնական վուշե անգույն մանրաթելերի առկայությունը համապատասխանում է «Եպիսկոպոս» պայմանական անվանումով նկարի ստեղծման ժամանակաշրջանին», նշեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ ավելացնելով, որ «փորձագետները նշում են, որ ներկայացված նկարը հավանաբար ստեղծել է Հովհաննես Այվազովսկին»։

«Եպիսկոպոս» պայմանական անվանումով նկարը դիմանկարային ժանրի 19-րդ դարի վերջին բնորոշ ռեալիստական ոճի կատարված աշխատանք է, ունի գեղարվեստական արժեք եւ ստեղծվել է 19-րդ դարի վերջին, ենթադրվում է՝ Ռուսաստանում։

Քննությամբ ձեռք չեն բերվել փաստական տվյալներ, որ այն 2005թ. Պոլսո Պատրիարքարանից անհետացած Արամ Խաչատուրյանի հեղինակած նկարն է, այլ ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված նկարը սեփականատերը ձեռք է բերել 1971թ. Ղրիմի Ֆոդոսիա քաղաքում։

«Նման պայմաններում բացակայում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձ կատարելու հանցագործության դեպքը»,- հայտնեցին ՔԿ-ից՝ նշելով, որ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Նկարը վերադարձվել է սեփականատիրոջը։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին