▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում 6 տարվա անպտղությունից հետո կինը եռյակ է ունեցել

Երկարատև սպասումից հետո Գյումրիում՝ Շուխյանների ընտանիքում եռյակ է ծնվել: Մարիանա, Արիանա և Արեն եռյակը լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին 20:00 սահմաններում Գյումրիի «Ավստրիական Մոր ու մանկան հիվանդանոց»-ում՝ կեսարյան հատումով: 

Ընդհանրապես եռյակի ծննդաբերության համար հարկավոր է 3-րդ կարգի հիվանդանոց, սակայն, ծնողները, ծանոթանալով հիվանդանոցի պայմաններին, որոշում են, որ Գյումրիում են փոքրիկները ծնվելու: 13 շաբաթականից մինչև վերջ՝ 36 շաբաթական մայրը եղել է այդ հիվանդանոցի հսկողության տակ:

Առաջինը ծնվել է Մարիանան՝ 2կգ 160 գրամ քաշով, երկրորդը մյուս աղջիկը՝ Արիանան՝ 1 կգ 690 գրամ   և երրորդը տղան Արենը՝  2կգ 45 գրամ քաշերով:  Մոր և երեխաների վիճակը բժիշկները լավ են գնահատում: 30-ամյա մայրը՝  Անի Բալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին զգացողությունը ուրախությունն է եղել, ապա վախն ու շոկային վիճակը:

«Երբ առաջին անգամ տեսա երեխաներին զգացմունքներս անասելի էին՝ ուրախություն, բայց նաև վախ: 6 տարի եմ իրենց սպասել»,- անկեղծանում է մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան մայրը՝ նշելով որ իրենց տանն արդեն ամեն ինչ պատրաստ է փոքրիկների համար: «Ամեն մեկն իր անկողինն ու իր անկյունն  ունի, հագուստը: Երկար ենք սպասել այս օրվան»,- նշեց եռյակի մայրը՝ փաստելով, որ ամուսինը զբաղվում է արտագնա աշխատանքով:

«Մարզում  եռյակը է ծնվել՝ սա իրոք ուրախալի է բոլորիս: Երեկ շատ բարեհաջող ծննդալուծում ունեցանք, և Անի Բալյանը կեսարյան հատումով  ունեցավ երեք առողջ բալիկ: Ոչ միայն ծնողներն են երկար սպասել, այլև մենք, քանի որ լինելով մեր հսկողության տակ, հիվանդանոցը կարողացավ ծանր պատասխանատվությունն իր վրա վերցնել և բարեհաջող  ավարտել: Սա ցույց է տալիս, որ բավարար հագեցվածություն կա, և 3 երեխաներին էլ՝ անհրաժեշտության դեպքում ամբողջ ծավալի օգնություն ցույց տալու հնարավորություն կա»,-ասել է Գյումրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աշոտ Կուրղինյանը:

Նյութի աղբյուրը` Armenpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին