▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնյաները ոչ միայն մեր հաշվին գնում են ծառայողական թանկարժեք մեքենաներ, այլև օտարելիս յուրացնում դրանք

Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ՀՀ կառավարությունը իբրև թե իրականացնում է պետական ավտոմեքենաների օտարման «ակտիվ» գործընթացը: Ու թեև թերթերը անդրադարձել են այդ խնդրին՝ նշելով, որ շրջանառվող լուրերի համաձայն այդ ավտոմեքենաները ցածր գներով վաճառվել են հիմնականում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի մերձավորներին, այնուամենայնիվ՝ նշված գործընթացը փաստացի տնօրինող Պետական գույքի կառավարման վարչությունը բազմիցս նշել է, իբր գործընթացը իրականացվում է լիովին թափանցիկ:

Եվ ահա այդ գործընթացի այն թաքստոցները, որտեղ ձևավորվում է կոռուպցիայի մի ամբողջ որջ:

  1. Նախ՝ պետական ավտոմեքենաների աճուրդների համար սահմանված է մասնակցության բավականին բարձր վճար՝ յուրաքանչյուր աճուրդի համար 20,000 դրամ, որն անկախ աճուրդի արդյունքներից հետ չի վերադարձվում, այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե մասնակիցը աճուրդի արդյունքում հաղթող է ճանաչվում, թե ոչ:

Թեև նախորդ տարի ու այս տարի կատարվել են մասնակցության վճարի չափի որոշ տարանջատումներ՝ կախված գույքի գնից, այնուամենայնիվ ավտոմեքենաների աճուրդների մեծ մասի դեպքում այն եղել է 20,000 դրամ, քանի որ օտարվող ավտոմեքենաների մեծ մասի արժեքը մեծ է եղել 100,000 դրամից: Պարզից էլ պարզ է, որ նման պայմաններով որևէ մեկը ուղղակի (առանց ծանոթի կամ միջնորդի) չի դիմի այդ աճուրդներին, քանի որ շատ մեծ է հավանակությունը, որ չի շահի և կկորցնի իր 20,000 դրամը: Հավանական է, որ անձը կդիմի աճուրդին միայն այն դեպքում, երբ ծանոթի միջոցով կարողանա ճշտել, որ միայն ինքն է աճուրդին դիմել, և այդ դեպքում թեև կկորցնի 20,000 դրամը, սակայն ինքնաբերաբար կդառնա աճուրդի հաղթող, այն էլ՝ ավտոմեքենան գնելով աճուրդի համար սահմանված նախնական գնով:  

Իսկ ինչի՞ հիման վրա է Պետական գույքի կառավարման վարչությունը սահմանել վերոնշյալ մասնակցության վճարը.

ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 882-Ն որոշմամբ հաստատված «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման» կարգի 18-րդ կետի բ ենթակետի համաձայն՝

«18. Աճուրդին (մրցույթին) մասնակցելու համար մասնակցի կողմից վճարվում է`

ա) նախավճար` մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 5 տոկոսի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո եռօրյա ժամկետում.

բ) մասնակցության վճար, որը գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի (մրցույթի) արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է աճուրդի (մրցույթի) կազմակերպման նպատակով»:

Այստեղից կարելի է եզակացնել, որ թեև թույլատրվում է սահմանել նմանատիպ մասնակցության վճար, սակայն այն պետք է օգտագործվի բացառապես աճուրդի (մրցույթի) կազմակերպման նպատակով, և հետևաբար, մեկ աճուրդի մասնակցության չափը չի կարող գերազանցել մեկ աճուրդի կազմակերպման ծախսերի հանրագումարը:

Իսկ որքա՞ն կարող են կազմել մեկ աճուրդի կազմակերպման ծախսերը և ինչե՞րն են մտնում այդ ծախսերի մեջ: Ըստ էության, այդ ծախսերը ներառում են թղթերը, թանաքը և այլ գրենական պիտույքների արժեքը, որոնք օգտագործվում են աճուրդի կազմակերպման համար, որոնց հանրագումարը կկազմի հավանաբար ընդամենը մի քանի հարյուր դրամ՝ յուրաքանչյուր աճուրդի համար: Աճուրդի կազմակերպման ծախսերի մեջ կարելի էր ներառել նաև, օրինակ, օգտագործվող գույքի՝ հիմնական միջոցների մաշվածությունը, սակայն դրա մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ աճուրդները անց են կացվում Պետական գույքի կառավարման վարչությանը կից Աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ում, որի և՛ շենքը, և՛ պայմանները գտնվում են չափազանց անմխիթար վիճակում, իսկ ՊՈԱԿ-ի գույքը այն աստիճան հին է, որ վաղուց այլևս չի կարող ունենալ մաշվածություն (հիմնական միջոցները ունենում են օգտագործման ժամկետ, որի ավարտից հետո այլևս մաշվածություն չի հաշվարկվում): Մյուս կողմից, աճուրդի կազմակերպման ծախսերը չեն կարող ներառել օրինակ ավտոմեքենաների պահառության վայր տեղափոխելու և այնտեղ պահելու հետ կապված ծախսերը, քանի որ դրանք ծածկվում են այլ կերպ՝ համաձայն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգի 2.1 կետի, կամ օրինակ գույքի գնահատման ծախսերը, որոնք առանձին են հաշվարկվում:

Կարելի է եզրահագնել, որ ցանկացած աճուրդի կազմակերպման ծախսը մեծ հաշվով միևնույնն է և կազմում է ընդամենը մի քանի հարյուր դրամ: Սակայն այդ դեպքում էլ երկրորդ հարցն է նաև առաջանում, թե ինչի հիման վրա է Պետական գույքի կառավարման վարչությունը տարանջատել մասնակցության վճարի չափերը՝ կախված օտարվող գույքի գնից: Վարչության կայքէջում՝ www.spm.am, նշվում է, որ ս.թ. փետրվարի 15-ից հետո՝ «աճուրդի մասնակցության վճարի չափը սահմանված է` գույքի գնահատված արժեքը մինչև 50000 դրամը ներառյալ  կազմելու  դեպքում՝ 1000 (հազար) դրամ, գույքի գնահատված արժեքը 50000-ից բարձր մինչև 100000 դրամը ներառյալ կազմելու  դեպքում՝ 5000 (հինգ հազար) դրամ, գույքի գնահատված արժեքը 100000-ից բարձր մինչև 500000 դրամը ներառյալ կազմելու  դեպքում՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ, գույքի գնահատված արժեքը 500000 դրամը գերազանցելու դեպքում՝ 20000 (քսան հազար) դրամ» (մինչ այդ՝ գույքի գնահատված արժեքը 100,000 դրամը չգերազանցելու դեպքում մասնակցության վճարը 5,000 դրամ էր, իսկ 100,000-ից բարձրի դեպքում՝ 20,000 դրամ, իսկ մինչ 2016թ. օգոստոս ամիսը՝ բոլոր դեպքերում 20,000 դրամ):

Եթե ցանկացած աճուրդի կազմակերպման համար ծախսվում է  միևնույն գումարը, ապա որքանո՞վ է օրինական գույքի գնից կախված սահմանել տարբեր չափի մասնակցության վճարներ:

2. Մի կողմ դնելով աճուրդների մասնակցության վճարների հետ կապված խնդիրները՝ տեսնենք, թե որքանով է թափանցիկ գործընթացի մնացած մասը և ինչ է կատարվում մեքենաների պահառության վայրում՝ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79  հասցեում  հասցեում: Այստեղ ավտոմեքենաների մեծ մասի վրա չկան պետհամարանիշեր կամ այլ տվյալներ, ուստի նույն մակնիշի միանման երկու ավտոմեքենան հնարավոր չէ տարբերակել՝ www.spm.am կայքում տեղադրված օտարման ենթակա համապատասխան ավտոմեքենաների տվյալների հետ համադրելու նպատակով: Պահառության վայրում ավտոմեքենաները հնարավոր է զննել միայն արտաքնապես, հետևաբար արտաքին զննությամբ՝ ուղղակի նայելով, տեխնիկական վիճակի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չես կարող ստանալ:

Բացի այդ, ավտոմեքենաների պահառության վայրում մշտապես առկա են լինում ավտոմեքենաներ, որոնց աճուրդները դեռևս հայտարարված չեն լինում, ուստի հնարավոր է, որ այդ ավտոմեքենաների վաճառքի վերաբերյալ պայմանավորվածությունները իրականանում են նախօրոք, որից հետո միայն հայտարարվում են դրանց աճուրդների վերաբերյալ տեղեկատվությունը:

3. Անդրադառնանք www.spm.am կայքի աճուրդի հայտարարություններին: Օտարվող ավտոմեքենաների աճուրդների հայտարարություններում մանրամասն չի նշվում, թե  ինչ տեխնիկական վիճակում է գտնվում ավտոմեքենան, չկան մեքենաների նկարները և այլն: Մի շարք հայտարարությունների դեպքում ընդհանրապես որևէ տեղեկատվություն չկա ավտոմեքենաների տեխնիկական վիճակի վերաբերյալ, իսկ մի մասի դեպքում էլ ընդամենը նշվում է, օրինակ, ենթակա է մասնակի նորոգման կամ ենթակա է կապիտալ նորոգման:

Համեմատության համար կարելի է դիտարկել ԴԱՀԿ-ի www.achurd.am կայքը, որտեղ առկա են աճուրդի ենթակա բոլոր ավտոմեքենաների նկարները և մանրամասն տեխնիկական բնութագրերը, իսկ աճուրդներն իրականացվում են էլեկտրոնային (ակնհայտ է, որ ԴԱՀԿ-ի աճուրդներն էլ իրենց հերթին ունեն կոռուպցիայի որջերի իրենց թաքստոցները (օրինակ աճուրդի ենթակա գույքի գները գնահատվում են չափազանց բարձր), սակայն դրանց վերաբերյալ մանրամասն ուսումնասիրություն դեռևս չի իրականացվել):

Բացի այդ, www.spm.am կայքում ավտոմեքենաների վաճառված լինել/չլինելու վերաբերյալ թարմացումները իրականացվում են ավտոմեքենայի աճուրդի կայանալուց հետո տասներորդ օրը, այն մեկնաբանությամբ, որ աճուրդին հաղթած մասնակիցը տասնօրյա ժամկետում պետք է վճարի գույքի գնի և կանխավճարի տարբերություն կազմող մնացած մասը: Սակայն իրականում դա նույնպես կոռուպցիայի գործիքներից մեկն է:

Դիտարկենք այսպիսի մի օրինակ. աճուրդի հայտարարություններում դեռևս չներառված ավտոմեքենան, գտնվելով պահառության վայրում, նախօրոք գտել է իր գնորդին: Ենթադրենք, ավտոմեքենայի շուկայական գինը 2 մլն դրամ է: Պայմանավորվածություն է ձեռքբերվում, որ մեքենայի գինը գնահատվի 1 մլն դրամ, իսկ 500,000 դրամ գնորդի կողմից կաշառքի տեսքով վճարվի համապատասխան անձանց: Սակայն սա դեռ պայմանավորվածության ամբողջ մասը չէ. 1-ին աճուրդի ժամանակ հավանաբար ոչ ոք չի դիմի, քանի որ գնորդից բացի որևէ այլ անձ չի ունենա տեղեկատվություն ավտոմեքենայի  տեխնիկական վիճակի մասին: Առաջին աճուրդի չկայանալու պատճառով մեքենայի գինը երկրորդ աճուրդի համար կնվազի 20%-ի չափով: Եթե առաջին աճուրդի օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում ինչ-որ մեկը ցանկանա դիմել ավտոմեքենայի երկրորդ աճուրդին, ապա այդ անձին հնարավոր է տեղեկացվի, որ ավտոմեքենան արդեն իսկ վաճառվել է առաջին աճուրդի ժամանակ, և հետին ամսաթվով վաճառքը կարող է ձևակերպվել: Հակառակ դեպքում, եթե ավտոմեքենայի երկրորդ աճուրդին էլ դիմող չլինի, ապա ավտոմեքենայի աճուրդը կրկին չի կայանա, իսկ գինը կրկին 20%-ով կիջնի, և այդպես շարունակ:

Ահա այս է հավանաբար հիմնական պատճառը այն բանի, որ կայքում ավտոմեքենաների վաճառված լինելու վերաբերյալ թարմացումները իրականացվում են ավտոմեքենայի աճուրդի կայանալուց հետո տասներորդ օրը, այլապես թարմացումը կիրականացվեր աճուրդի անմիջապես նույն օրը, իսկ վաճառքի գնի և կանխավճարի տարբերությունը տասնօրյա ժամկետում չվճարվելու պարագայում կրկին թարմացում (հետ թարմացում) կիրականացվեր:

Համադրելով նշված կետերը՝ կարելի է նկատել, որ Պետական գույքի կառավարման վարչության «բացթողումները» ամենևին էլ պատահական չեն. բարձր մասնակցության վճարները և ավտոմեքենաների տեխնիկական վիճակի մասին մանրամասն տեղեկատվություն չհրապարակելը հանդիսանում են այն գործիքները, որոնցով էապես նվազեցվում են «պատահական» մարդկանց կողմից աճուրդներին դիմելու հնարավորությունները, իսկ ավտոմեքենաների աճուրդում վաճառված լինելու վերաբերյալ տեղեկատվության թարմացման տասնօրյա միջակայքը «գործընթացը» սահուն իրականացնելու կարևորագույն գործիքներից է:

Ստացվում է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն մեր հաշվին (բյուջեից) գնում և օգտագործում են ծառայողական թանկարժեք մեքենաներ, այլև մի հատ էլ այդ ավտոմեքենաները օտարելիս յուրացնում են դրանք, փայ մտնում կամ վաճառում իրենց մերձավորներին:

Այս ամենի արդյունքում ակամա հարց է առաջանում, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյա՞կ է արդյոք պետական գույքի օտարման գործընթացում նմանօրինակ «մանր գողությունների» հնարավորությունների մասին:

Սույն գրությունը կարդացողներից ոմանք կարող են մտածել, որ նույնիսկ եթե թերթերը հրապարակեն այս ամենը, միևնույնն է ոչինչ չի փոխվելու: Անձամբ ես այդպես չեմ կարծում ու վստահաբար հավատում եմ չորրորդ իշխանության ուժին ու պոտենցիալին: Նմանօրինակ 50-100 բացահայտումները էապես կարող են փոխել կոռումպացված ոլորտները, իսկ հակառակ պարագայում ժողովրդի բազմահազարանոց զանգված կարող են դուրս բերել փողոց:

Հ.Գ. Ցանկացած իշխանություն շարունակելու է գռփել ժողովրդին այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդը չի պահանջում իշխանությունից ծառայել հասարակությանը: Մեր աշխատանքի վարձատրության շուրջ 30%-ը հարկերի տեսքով ուղղվում է բյուջե, իսկ արդյոք մեր աշխատանքի գոնե 5%-ի չափով մենք փորձու՞մ ենք հետևել, թե ինչ եղան մեր միջոցները մեր իսկ բյուջեում... (խնդրում եմ տարածել):

Հայաստանի ակտիվ քաղաքացիներ կազմակերպություն

Asekose.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին