▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաց բերող»-ի նկատմամբ կատարվածը վախի արդյունք է

Այսօր ի պաշտպանություն Արթուր Սարգսյանի («Հաց բերող»)հավաք-երթ տեղի կունենա:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ «Հաց բերող»-ի կալանավորումը իրավական որևէ հենք չուներ.

«Արթուր Սարգսյանի կալանավորումը խարդավանքների արդյունք էր։ 9-րդ օրն է, որ նա հացադուլի մեջ է գտնվում, այն դեպքում, երբ առողջական լուրջ խնդիրներ ունի։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ նրա առողջական վիճակի վատթարացման համար պատասխան են տալու այս վարչախմբի ղեկավարն ու նրա ցուցումները կատարողները։ Նրա նկատմամբ կատարված այս քայլը բացառապես վախի արդյունք է։ Վարչախումբը սարսափում է այս շարժման գործունեությունից, հատկապես Արթուր Սարգսյանի ակտիվությունից»,-նշեց Ալեք Ենիգոմշյանը:

Նրա փաստմամբ՝ ոտնահարվել են նաև փաստաբանների իրավունքները։ 

Հիշեցնենք, որ հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ՊՊԾ գնդում սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերողին»  փետրվարի 9-ին բերման էին ենթարկել:

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես եկավ պարզաբանմամբ:

«Ստացված կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ա.Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները, այդ թվում նաև Բեխտերևի հիվանդությունը՝ առանց ներքին օրգանների ախտահարումների, չեն դասվում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 2 հավելվածով  սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, և վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի:Ա.Սարգսյանին պարզաբանվել են նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները, սակայն մեղադրյալը խախտել է այդ պայմանները՝ պատշաճ ծանուցված լինելով, չի ներկայացել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան դատավարական գործողությունների մասնակցելու համար, վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց խուսափելու նպատակով միջոցներ է ձեռնարկել իրեն հասցեագրված ծանուցագրերն օրենքով նախատեսված անձանց հանձնելուն խոչընդոտելու ուղղությամբ: Նշված հանգամանքները հիմնավորվել են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալներով, որպիսիք միաժամանակ վկայում են նաև Ա. Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականության մասին»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 218-րդ և 235-րդ հոդվածներով։ Նա մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ։ Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին