▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական երազանքն ու իրականությունը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մեր օրերում շատ ենք խոսում հայ-ադրբեջանական հակամարտության տարբեր փուլերի և խնդրի ամենատարբեր նրբությունների մասին, փորձեմ ներկայացնել, մեր հարևանների ռազմական քաղաքականությունից որոշ դետալներ:

Մինչև 2007թ. բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների մեջ (բացի ՌԴ-ից) Ադրբեջանն ուներ ամենամեծ զինուժը: Միջազգային հեղինակավոր Գլոբալ սեքյուրիթի կազմակերպության տվյալներով, Ադրբեջանի զինուժը 2007թ. կազմում էր 95 հազ. զինվոր, որից 85 հազարը` ցամաքային զինուժ, 8 հազարը` օդային զինուժ և մոտ 2 հազարը՝ ռազմածովային ուժեր: Այս թվաքանակին անհրաժեշտ է ավելացնել ավելի քան 2500 հոգանոց ազգային գվարդիան (National Guard), ներքին զորքերի ավելի քան 12 հազարանոց բանակը և 50 հազ. սահմանապահներին:

2010-ին Կառավարության նիստի ժամանակ Ալիևը հայտարարել է. «Ներկայումս Ադրբեջանի բանակն ամենաուժեղն ու մարտունակն է Հարավային Կովկասում... 2011թ. մեր ռազմական ծախսերն ավելին կլինեն, քան Հայաստանի ողջ պետական բյուջեն: Բայց մենք կանգ չենք առնի այստեղ: Մենք ծրագրում ենք էլ ավելի մեծացնել մեր ռազմական ծախսերը... Հակառակ Հայաստանի, մենք ծախսում ենք մեր իսկ փողերը: Մենք կախված չենք որևէ այլ երկրից, չունենք և չենք էլ պատրաստվում ունենալ պարտքեր այլ երկրներից»:

Այս կապակցությամբ մի փոքր շտկեմ Հեյդարօղլուն. այդ պահին Ադրբեջանը, այնուամենայնիվ, արտաքին պարտք ուներ: Համաձայն ԱՄՆ ԿՀՎ-ի, այն կազմում էր $3.22 մլրդ.: Աշխարհի 201 երկրներից այդ ժամանակ արտաքին պարտք չունեին միայն Պալաուն, Բրունեյը և Մակաոն:

Ալիևի այս ելույթի կապակցությամբ պարզապես ստիպված եմ հիշել Ռումինիայի երկարամյա ղեկավար, ընկեր Չաուշեսկուի հայտնի ելույթը 1978թ. Լոնդոն կատարած պատմական այցելության ժամանակ (վստահ եմ` այս ելույթը, Բրիտանիայի թագուհուց բացի, ուշադիր լսում էին նաև BP ընկերության ներկայացուցիչները): Ակնարկելով Պլոյեշտիի նավթադաշտերի ինտենսիվ արդյունահանումը՝ նա հպարտությամբ նշել է, որ Ռումինիան արդեն ծախսում է իր սեփական փողերը և այլևս կախված չէ որևէ այլ երկրից: Այդ ժամանակ Ռումինիան բավական զգալի արտաքին պարտք ուներ: Այն հաջողվեց էապես իջեցնել միայն 1980-ականների վերջին` Չաուշեսկուի վարչակարգի տապալման նախօրեին: Կարծում եմ՝ արժե, որ Ադրբեջանն ավելի խոր ուսումնասիրի Պլոյեշտիի նավթադաշտերի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում` մասնավորապես, և Ռումինիայի տնտեսական համակարգի զարթոնքի և անկման պատմությունը` ընդհանրապես:

2016 թ. համար նախատեսված բյուջեի վերջնական տարբերակում Ադրբեջանի ռազմական ոլորտին հատկացվում էր շուրջ 2 մլրդ 229 մլն ադրբեջանական մանաթ (1,43 մլրդ ԱՄՆ դոլար՝ ընդունման օրվա փոխարժեքով), ապա նոր նախագծով նախատեսվում է հատկացնել շուրջ 1 մլրդ 615 մլն մանաթ (994 մլն ԱՄՆ դոլար՝ հրապարակման օրվա փոխարժեքով), ինչը շուրջ 613 մլն մանաթով կամ 440 մլն ԱՄՆ դոլարով պակաս է այս տարվա հատկացումներից:

Համաձայն բազում հեղինակավոր աղբյուրների, օրինակ` Խաղաղության միջազգային ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տեղեկատուների, նախկին ԽՍՀՄ 4–րդ բանակի ժառանգությունն ու օժանդակությունն ստացած ադրբեջանական բանակը տարածաշրջանում քանակապես ամենամեծն էր և տեխնիկապես ամենահագեցածը դեռ 1991-93թթ.:

Քանակական չափանիշները երբեք չպետք է խառնել որակականների հետ, և պատերազմի արդյունքները, կարծում եմ, քաջ հայտնի են թե՛ Ադրբեջանում և Հայաստանում, թե՛ Արցախում և աշխարհում:

Արմեն Հովասափյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին