▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են վնասազերծվել քրեական հեղինակությունների սպանությունը նախապատրաստողները

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները վնասազերծման գործողությունն իրականացրին մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում:
Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծված տղամարդիկ կասկածվում են առանձնապես ծանր հանցագործության՝ սպանություն նախապատրաստելու մեջ: Ոստիկանների տեղեկություններով՝ այդ նպատակով էլ վարձակալել են այս տունը, նաև ապօրինի կերպով ձեռք են բերել զենք-զինամթերք՝ ձեռնամուխ լինելով սպանության նախապատրաստման գործողություններին: 
Ոստիկանության ծառայողների ջանքերով առանձնապես ծանր հանցագործության կատարումը խափանվեց: 
Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, տանտիրոջ և ընթերակաների ներկայությամբ, բնակարանը խուզարկվեց: Հայտնաբերվեց՝ երկու ինքնաձիգ, մեկ ատրճանակ, որոնց պահունակներում փամփուշտներ կային: 
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեագետները ապօրինի պահվող զենք-զինամթերքը տեղում ենթարկեցին փորձաքրեագիտական մշակման: Քրեագիտական մշակման ենթարկվեցին ու առգրավվեցին հայտնաբերված բջջային հեռախոսները: Նաև այն իրերն ու առարկաները, որոնք քննության ընթացքում ապացուցողական նշանակություն կունենան: 
Ամբողջը փաթեթավորվեց՝ հետագա փորձաքննությունների համար: Վնասազերծված երեք տղամարդիկ, որոնց տվյալները նախաքննության շահերի պահպանումից ելնելով, չենք հրապարակում, բերման են ենթարկվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն ու ձերբակալվել: 
Քննությունը շարունակվում է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին