▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկլերոզն ամենևին էլ հիշողության կորուստը չէ.Նյարդաբան

Մայիսի 27-ը Ցրված սկլերոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1835թ. ֆրանսիացի բժիշկ Ժ. Կրյուվելյեի կողմից։ Ցրված սկլերոզը քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ վնասվում է ուղեղի (ինչպես գլխուղեղի, այնպես էլ ողնուղեղի) նյարդային հանգույցների միելինային թաղանթը։ Այս հիվանդության առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն։

«Ցանկացած հյուսվածք որ կորչում է, սպի է առաջանում և այդ գործընթացը կոչվում է սկլերոզ: Այսինքն, նորմալ հյուսվածքը կորցնում ենք, դրա փոխարեն առաջանում է սպիական հյուսվածք: Սա բորոբոքային ձեռքբերովի հիվանդություն է: Մեծ դեր են խաղում գենետիկական նախատրամադրվածությունը, ոչ թե ժառանգումը, արտաքին միջավայրի գործոնները, աշխարհագրական դիրքը: Ուղեղում առաջանում են բորբոքային օջախներ, որոնց պատճառը իմունիտետն է: Օրգանիզմում վնասվածը վերականգնելու հնարավորությունը 100 տոկոսանոց չէ: Հիվանդությունը կարող է կրկնվել և մարդը կարող է վատանալ ցանկացած պահի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության բաժնի վարիչ Նունե Եղիազարյանը՝ ընդգծելով.

«Ցրված սկլերոզ ունեցող հիվանդները ամենևին էլ հիշողության խանգարումներով չեն տառապում: Իհարկե, սա կարող է կազմել հիվանդության դրսևորման մեկ մասը, բայց դա լինում է հիվանդության շատ ուշ փուլերում»:

Բժշկի փոխանցմամբ՝ հայտնի է, որ ծխողների մոտ հիվանդությունը շատ ավելի վատ է ընթանում:  Լավ է ընթանում վիտամին D-ի  նորմալ քանակի դեպքում: Հիվանդությունն ախտահարվում է երիտասարդ տարիքում, այն առաջացնում է հաշմանդամություն՝ հիվանդության սկզբից մոտ 20 տարի հետո:

Ենթադրվում է, որ ինչ-որ ժամանակ օրգանիզմը հանդիպել է վիրուսի կամ բակտերայի, որը կառուցվածքով նման է եղել հյուսվածքի, ու սկսել է շփոթել՝ չկարողանալով ընկալել ու անընդհատ փորձում է քայքայել ու հանել օրգանիզմից՝ որպես օտարի:

«Բուժման համար օգտագործում ենք բարձր դոզայով հորմոններ, տալիս ենք դեղեր, որոնք փոխում են մարդու իմունիտետը՝ բորբոքային տեսակից հակաբորբոքային դարձնել: Սա հնարավորություն կտա պակասեցնել հետագա գրոհները կամ ընդհատել»,-նշեց Նունե Եղիազարյանը:

Նյարդաբանի փոխանցմամբ՝ հիվանդությունն այսօր հաճախակի է դարձել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին