▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսվում է մի շարժում, որի կարիքը վաղուց ենք ունեցել

Հունիսի 23-ին  ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի բեմում տեղի կունենա  «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու-ներկայացման պրեմիերան: Այն նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին: Հիմնական նպատակն է՝ ցույց տալ, որ չնայած կորուստներին ու փորձություններին՝ մարդիկ շարունակում են սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը:

2017 թվականի օգոստոսին այն կներկայացվի նաև Իտալիայի Վերոնա քաղաքում, ապա Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում:

«Սա տարբեր ժանրեր է ընդգրկում՝ ժողովրդական, օպերա, դասական: Ես սիրով եմ մասնակցում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի  գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն էլ նկատեց.

«Այս գաղափարն օդում սավառնել է երկար ժամանակ: Սա ազգային ինքնաճանաչողության խնդիր է: Սկսվում է մի շարժում, որը կունենա շարունակություն: Այս ամենի կարիքը մենք վաղուց ենք ունեցել»:

Կոմպոզիտորն ու երաժշտական պրոդյուսերն է Արաքսյա Մուշեղյանը: Լիբրետոն՝ Էդուարդ Այանյանի, երգերի տեքստերը՝ Ջիոմմարիա Մոնթիի և Սուրեն Ենոքյանի:

Նախագծին մասնակցում են՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, գեղարվեստական ղեկավար, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան (Հայաստան), «Հովեր» պետական կամերային երգչախումբ, գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան (Հայաստան), Նորքի Հայորդաց տան «Նարեկ» պարային անսամբլ, Երեւանի Մալունցյանի անվան արվեստի դպրոց - վոկալ համույթ (Հայաստան), Հրաչուհի Բասենց (Գերմանիա), Բարսեղ Թումանյան (Հայաստան, Ղազախստան), Ջուլիետ Գալստյան (Շվեյցարիա), Ռոզի Անուշ Սվազլյան (ԱՄՆ, Իտալիա), Հասմիկ Թորոսյան (Իտալիա, Հայաստան), Հովհաննես Այվազյան (Հայաստան), Դավիթ Բաբայանց (Հայաստան), դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը եւ ուրիշներ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին