▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վքեր և ինչպե՞ս են Հայաստանում զբաղվում ԼԳԲՏ քարոզչությամբ

Հունիսի 27-ին «Հայք» մամլո ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի մամլո ասուլիսը «Ո՞վքեր և ինչպե՞ս են Հայաստանում զբաղվում ԼԳԲՏ քարոզչությամբ» թեմայով: Ակումբի փորձագետները ներկայացրեցին իրենց անցկացրած ուսումնասիրության արդյունքները, որոնք ուղղված էին բացահայտելու վերջին ամիսներին Հայաստանում կիրառվող ԼԳԲՏ քարոզչության մեթոդները և տեխնոլոգիաները թե հասարակական դաշտում և թե ֆեյսբուքյան տիրույթում:

Ասուլիսի ընթացքում նշվեց, որ Հայաստանում վերջին մի քանի ամիսները խորհրդանշական էին ԼԳԲՏ քարոզչության տեսանկյունից, քանի որ արտաքին հովանավորների աջակցությամբ այն ակտիվ տարածում գտավ որոշ հասարակական կազմակերպությունների ջանքերով: Մասնավորապես քարոզչության ակտիվ փուլը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Բրիտանիայի դեսպանատունն իր պետական դրոշի փոխարեն ծածանեց ԼԳԲՏ համայնքի դրոշը: Այդ քայլից հետո Երևանի կենտրոնում անօրինական կերպով փակցվեցին միասեռականություն գովազդող վահանակներ: Այդ վահանակների պատվիրատուն միասեռականների հայտնի պաշտպան «Փինք Արմենիա» ՀԿ-ն էր, որը լիովին ֆինանսավորվում է օտարերկրյա հիմնադրամների կողմից: Այդ օրերին «Նոր սերունդ» ՀԿ-ն կազմակերպել էր միասեռականների երթ, որը տեղի ունեցավ Երևանի կենտրոնական փողոցներում:

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի ներկայացուցիչ Արման Ղուկասյանն իր խոսքում նշեց. «Մենք մեր գործընկերներով մի քանի շաբաթվա ընթացքում ուսումնասիրել ենք այն բոլոր մեթոդները և տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր ՀԿ-ների, առանձին անհատների կողմից Հայաստանում ԼԳԲՏ քարոզչության ակտիվ փուլում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բրիտանիայի դեսպանատան քայլը, կապված ԼԳԲՏ դրոշի ծածանման հետ,  հատուկ գործողություն էր, որի նպատակը այն ՀԿ-ների ակտիվացումն էր, որոնք տարիներ շարունակ ֆինանսավորվում են արտերկրյա հիմնադրամների կողմից նման քարոզչություն տարածելու համար: Ֆեյսբուքյան տիրույթն ուսումնասիրելուց հետո հասկանալի դարձավ, որ այդ ակտիվ փուլում (ԼԳԲՏ քարոզչության) ստեղծվել են բազում կեղծ օգտատերերի էջեր, որոնք աջակցել են Բրիտանիայի դեսպանատան քայլը և փորձել են ձևավորել կարծիք, որ Հայաստանում կա մի զգալի զանգված, որն ընդունում է նման քարոզչություն: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ քարոզչության մեթոդները ունեն մեկ նպատակ. հասարակությանը ստիպել անհանդուրժողականություն ցուցաբերել ԼԳԲՏ համայնքի նկատմամբ, որպեսզի արտաքին ուժերը ավելի շատ առիթ ունենան խառնվելու Հայաստանի ներքին գործերին որպես սեռական փոքրամասնությունների պաշտպաններ»:

Բանախոսներից Ծովինար Կոստանյանն ընդգծեց. «Պետք չէր երկար հետևել այդ օրերին Ֆեյսբուքում տեղ գտած գրառումներին, որպեսզի հասկանայինք, որ դրանք պատվեր կատարող հարյուրավոր կեղծ օգտատերերի կողմից էր կատարվում: Մենք հավաքել ենք ցուցակ` բաղկացած այդ օգտատերերի էջերից: Ֆեյսբուքում առկա են միասեռականություն քարոզող էջեր, որտեղ տարածում են տարբեր հոդվածներ և տեսանյութեր ԼԳԲՏ քարոզչության բովանդակությամբ: Նման քարոզչությամբ նաև զբաղված են «Փինք Արմենիա», «Նոր սերունդ», «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ները, որոնք ունեն արտերկրյա ֆինանսավորում: Այս կազմակերպությունները հայտնի են իրենց միասեռական երթերով և հայ ժողովրդի հոգևոր արժեքներին հակասող օրինագծերով: Հայաստանում այսօր կիրառվում է Օվերտոնի պատուհաններ տեխնոլոգիան, որն ուղղված է արդիականացնելու այն, ինչը սկզբում տվյալ հասարակությունը չի ընդունում, իսկ հետո դա սովորական բնույթ է կրում: Հենց այս նպատակն ունի ԼԳԲՏ քարոզչությունը Հայաստանում, որն անցնում է տարբեր փուլեր: Դրոշի ծածանումը, վահանակների տեղադրումը, սոցիալական ցանցերում տեսանյութերի և հոդվածների տարածումը ԼԳԲՏ թեմայով հենց այն փուլն է, երբ նման այլասերվածության հասնող դրսևորումները ներկայացվում են որպես բնական երևույթ, որը ոչ միայն պետք է հանդուրժել, այլ նաև պաշտպանել: Միակ ելքն այն է, որ Հայաստանում օրենքի մակարդակով տարանջատվի այլասերվածության քարոզչությունն իրավունքների պաշտպանություն հասկացողությունից և դա արվի ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև համացանցում»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին