▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձրևների ժամանակ կարճ ժամանակով կփակվեն որոշ ճանապարհահատվածներ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևի ժամանակ մայրաքաղաքում արձանագրվել է ջրի կուտակման միայն մեկ դեպք՝ Շենգավիթ վարչական շրջանում: Նշվել է նաև, որ անձրևաջրերի կուտակման պատճառը եղել է առատ տեղումներով պայմանավորված բերվածքներով անձրևընդունիչ ցանցի խցանումը:

Կարճ ժամանակում «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետներն իրականացրել են մաքրման աշխատանքներ և ապահովել են տվյալ ճանապարհահատվածի անխոչընդոտ երթևեկը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել հեղեղատար համակարգի անխափան շահագործումը: Ճանապարհային ոստիկանությանն էլ առաջարկվել է հորդառատ անձրևների ժամանակ կարճ ժամանակով սահմանափակել այն հատվածների երթևեկությունը, որտեղ կառաջանան ջրի կուտակումներ, որպեսզի համապատասխան ծառայություններն արագ վերացնեն առաջացած խնդիրը:

«Այս ուղղությամբ աշխատանքները ավելի կազմակերպված պետք է լինեն: Նման հորդառատ անձրևների ժամանակ տեղեկացրեք Ճանապարհային ոստիկանությանը, որ կարճ ժամանակով՝ 10-15 րոպեով, փակեն տվյալ ճանապարհահատվածը, մինչև համապատասխան ծառայություններն ավարտեն իրենց աշխատանքները՝ քաղաքացիներին զերծ պահելով ավելորդ անհարմարություններից», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին