▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաների թևերից քաշելով` ցուցասրահից հեռացնում են․Տիկնիկագործը՝ մերօրյա մայրիկների մասին

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տուն այսուհետ Դսեղի կենտրոնական շրջանաձև այգուց ձեզ կուղեկցեն Գիքորի, Անուշի ու Սարոյի, Քաջ Նազարի, Սուտլիկ որսկանի, շան ու կատվի և Թումանյանի այլ հերոսների քանդակները։


Գիքորի միջոցով «էստի՛ համեցե՜ք» կասեն նաև երկար տարիներ թանգարանի ճանապարհը հսկող, ամեն ինչ լսող, տեսնող ու տխրությունն իրենց սրտում պահած թումանյանական հերոսների կերպարներով տիկնիկները, որոնց ստեղծողը ժողովրդական վարպետ Անահիտ Աթոյանն է։


-Ի՜նչ լավ է, որ ներս մտաք, թե չէ շատերն են ցուցասրահի կողքով անտարբեր անցնում։ Եկող-գնացող չկա։ Երեխաներին թանգարան են բերում ու նրանք, երբ տիկնիկներ են տեսնում՝ շտապում են այստեղ, բայց, դե չեն թողնում։ Շատ ծնողներ՝ մայրերը հիմնականում, բարկանում ու նրանց թևերից քաշելով հեռացնում են, ցավալի է,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեց տիկին Անահիտը, ում ուժ ու ստեղածգործելու եռանդ, իր փոխանցմամբ, հենց երեխաներն են տալիս․


-Տարիներ առաջ 10 տարեկան երեխան մտավ ներս, դուրս եկավ բակ, թե՝ մա՜մ- մա՜մ, արի՛, այս բոլոր տիկնիկներն ինձ հետ խոսում են։ Դա արդեն բավական էր ինձ համար,-ընդգծեց տիկնիկագործը։


Այսչափ հոզմունք ու ուրախություն միախառնվել են նաև այն ժամանակ, երբ ավարտին է հասցրել Կոմիտասին պատկերող տիկնիկը։


-Եվ ուրախ էի, և՛ տխուր, երբ ավարտեցի աշխատանքս։ Անբացատրելի էր,-ասաց տիկին Անահիտը։


Պարզվում է՝ յուրաքանչյուր տիկնիկ պատրաստելու համար նվազագույնը 2-3 շաբաթ է պահանջվում։


-Անպայման պետք է ստեղծագործությունը կարդաս, նոր սկսես տիկնիկ պատրաստել, թե չէ հաջող չի ստացվի,-նշեց տիկնիկագործն ու որպես օրինակ ցույց տվեց գյուղացի Համբոյին․


-Տե՛ս, կարկատած շորերով, տրեխներով, չիբուխով Համբոն ա ինքը։


Տիկին Անահիտը դժվարությամբ ստեղծում և նույն կերպ էլ բաժանվում է իր տիկնիկներից։


-Չնայած հիմա արդեն մի փոքր թեթև եմ տանում, քանի որ արվեստի մարդկանց խորհրդին եմ հետևում։ Նրանք ինձ ասացին, որ այս տիկնիկները բոլորինն են,-անկեղծացավ տիկնիկագործը։


500-20,000 դրամ արժողությամբ այս տիկնիկներից, հեղինակի փոխանցմամբ, ամենաշատը գնում են Քաջ Նազարին։


8 տարի է՝ նրա հետ տիկնիկ է վաճառում նաև Համբոն, որն այդպես էլ գնորդ չի ունեցել։


Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին