▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԱՏՄ-ն Հայաստանում կորցնում է «սրբազան կովի» կարգավիճակը

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ հարաբերությունների ամրապնդման թեման դադարել է Հայաստանում մարգինալ լինել և ակտիվորեն քննարկվում է արդիական դիսկուրսում: Մինչև վերջերս եվրասիական թեման Հայաստանում «սրբազան կով» էր համարվում:

Թեման «բացեց» «Ելք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Էդմոն Մարուքյանը:  Նա հայտարարեց, որ Հայաստանը պետք է նախաձեռնի ԵԱՏՄ-ից դուրս գալը  և ԵՄ հետ ասոցացման շուրջ նոր բանակցություններ սկսի:

Նույն դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը մի շարք պատճառներ է նշել, թե ինչու պետք է Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն. Եվրասիական միությունն օգուտ չի բերել հայկական տնտեսությանը; Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, չի դադարել զենք վաճառել Ադրբեջանին; ԵԱՏՄ մտնելը ոչնչացրել է Հայաստանի ընկալումը որպես ազատ և անկախ պետության:

Հայկական «Ժառանգություն» կուսակցությունն էլ հայտարարությամբ է հանդես եկել՝   կոչ անելով վերանայել հայ-ռուսական գազային պայմանագիրը: Բացի այդ, Հայաստանում սկսել են ուղիղ կոչեր հնչել անդամակցել ՆԱՏՕ-ին և անվտանգության նոր երաշխիքներ փնտրել:

Եվ չնայած Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի , բայց գոնե սկսել են մասնակցել այդ քննարկումներին:

Ինչպես նշում են հայ վերլուծաբանները, ՀՀԿ-ն կցանկանար Ռուսաստանին ցույց տալ, որ Հայաստանում ռուսամետ ուղղության այլընտրանքային լինելու առթիվ միաբանությունը չկա: ՀՀԿ-ն դրանով կցանկանար հաղթաթուղթ ձեռք բերել Ռուսաստանի հետ հարաբերություններում, մյուս կողմից, փաստարկների սակավությունը նույնպես կշտամբանք է Մոսկվային, որը ՀՀԿ-ին քիչ բան է «տալիս» նրա հավատարմության դիմաց:  

Տնտեսական շահույթ՝ բլե՞ֆ, թե՞ իրականություն

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից հետո սահմանին գազի սակագինը փոխվեց հօգուտ մեր սպառողների, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանը չի ընդհատում իր համագործակցությունն այլ համաշխարհային կենտրոնների հետ: ԱՄՆ հետ էներգետիկ համագորածկցության վառ ապացույցը «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի շուրջ գործարքն է:

Հիշեցնենք, որ Հայաստանը վաճառել է Վորոտանի հիդրակասկադն ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը, սակայն կազմակերպությունը մինչև հիմա չի կարողացել հասնել Հայաստանի էներգետիկ շուկայի ազատականացմանը, որպեսզի ազատ մրցակցության մեջ մտնի: Եվ դա հենց վառ օրինակն է այն բանի, թե ինչպես է ռուսական պետական կորպորացիաների կողմից տնտեսության մոնոպոլիզացիան սահմանափակում Հայաստանի զարգացումը:

Հայ վերլուծաբաններն ակտիվորեն չեզոքացնում են իշխանության ներկայացուցիչների փաստարկները, թե իբր ԵԱՏՄ կազմի մեջ մնալն արդարացվում է տնտեսական շահով:  Ամենամակերեսային ֆակտչեքինգը հակառակն է ապացուցում. Հայաստանը կորցրել է ԵԱՏՄ մտնելիս ոչ միայն ԵՄ տնտեսական արտոնություններն, այլ նաև մաքսային արտոնությունները Վրաստանի և Իրանի հետ առևտրային հարաբերություններում:  

Բռնի՞, թե՞ ինքնակամ միություն

Իսկ ի՞նչն է Հայաստանը պահում ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, եթե անգամ իշխանությունները չեն կարողանում հստակ հիմնավորել դրանում գտնվելու առավելությունները: Այստեղ երկու գործոն կա: Առաջինը՝ Հայաստանի քաղաքական էլիտայի կախվածությունը Կրեմլից, որը մի անգամ չէ, որ ապացուցել է. հեշտությամբ կարող է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել: Երկրորդը՝ Մոսկվայի կողմից ավելի ուժեղ ճնշման գործոնն է:Մոսկվան սկսել է գործի դնել սպառնալիքներ ու շանտաժ:

Բառացիորեն օրերս Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը խոստովանել է, որ «ինչ-որ երկիր» Ղրղզստանին հրթիռային հարվածներով է սպառնացել այն ժամանակ, երբ Մանաս միջազգային օդանավակայանում ամերիկյան բազա էր տեղակայված: «Որոշ երկրներ ինձ ասացին, որ հրթիռները կուղղեն ամերիկյան օբյեկտների դեմ, և ղրղզները կտուժեն դրանից», — ասել է Ատամբաևը: Նա հստակեցրել է, որ դա տևել է մինչև 2014թ-ը, մինչև ամերիկյան բազան չեն հանել հանրապետությունից:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես անուղղակիորեն խոստովանել է Ռուսաստանի կողմից ճնշման փաստը: Խոսելով Վրաստանում և Հայաստանում զբոսաշրջության զարգացման մասին՝ նա ասել է, որ, հնարավոր է, Վրաստանը կնախընտրեր ավելի քիչ զբոսաշրջիկ ունենալ, բայց տարածքներ չկորցնել: Հայաստանում դա ընկալեցին որպես խոստովանություն. Ռուսաստանը Հայաստանին սպառնացել է տարածքային կորուստներով ԵԱՏՄ անդամակցումից հրաժարվելու դեպքում:

Արդյո՞ք Ռուսաստանն իրոք սպառնացել է Հայաստանին: Եվ ի՞նչ կարող էր անել Մոսկվան, եթե Հայաստանը հրաժարվեր ԵԱՏՄ-ից: «Ռուսաստանը Հայաստանից չէր կարող տարածք խլել, նա չէր կարող Արցախն Ադրբեջանին հանձնել և ապրիլյան պատերազմից ավելի վատ բան սարքել», – կարծում է Lragir.am-ի վերլուծաբան Հակոբ Բադալյանը: Նա համարում է, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են ԵԱՏՄ մտնել բացառապես սեփական շահի համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին