▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայերենն ամենաաղքատ լեզուներից է». երկու օր է՝ քննադատում ենք այս հայտարարությունը

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Հայերենն ամենաաղքատ լեզուներից է»։ Երկու օր է՝ քննադատում ենք այս հայտարարությունը։ Ու շատ ճիշտ ենք անում։ Բայց դրանից պակաս հիվանդագին չեն հաճախ դրան հակադրվող մյուս հայտարարությունները. «Հայերենն աշխարհի ամենահարուստ ու կատարյալ լեզուն է», «Հայերենը բոլոր լեզուների մայրն է», «Հայերենն Աստծու հետ խոսելու միակ լեզուն է»։

Կարծում եմ՝ այս տիպի հայտարարություններով զբաղվելը փուչ գործ է։ Չկան ամենալեզուներ, չկան ներկայումս ապրող աշխարհամայր լեզուներ (ամեն օր ու ամեն ժամ շնչող ու փոխվող լեզուն ո՞նց կարող է լինել «նախնի» լեզու, էն էլ՝ բոլոր լեզուների նախնի), չկա Աստծու հետ խոսելու միակ լեզու (մարդիկ ուզբեկերենով էլ են հաջողությամբ հաղորդակցվում իրենց աստծու հետ)։

Ակնհայտ է, որ հայերենը չքնաղ է, հարուստ է, ճկուն է, թարմաշունչ է, անչափ հետաքրքիր ու սիրելի է, մեր կյանքն ու օդն է։ Սիրենք նրան ոչ թե սնապարծ դեկլարատիվ սիրով, այլ մարդկային անկեղծ ու գործնական սիրով՝ առանց կուրծք ծեծելու, առանց նեյնիմների։ Բարձրացնենք մայրենիի հարգը մեր երկրում, հաղորդակցվենք գրագետ գրական կամ գրագետ խոսակցական լեզվով, չխճողենք մեր լեզուն ո՛չ օտարաբանություններով, ո՛չ էլ գրագետաբանություններով, բացառենք Հայաստանում երկրորդ պետական լեզվի գոյության հարցադրումը, բացառենք Հայաստանում հայ երեխային օտարալեզու դպրոց տանելը, բացառենք հայերենի օտարատառ գրությունը, զարգացնենք հայերենագիտությունը, ուսումնասիրենք ու սիրենք գրաբարը, միջին հայերենը արևելահայերենը, արևմտահայերենը, բարբառները... ՍԵՐԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է։


Հրաչ Մարտիրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին